Ո՞րն է Հայաստանի օրակարգը, և ո՞ւր ենք գնում (տեսանյութ, լուսանկարներ)

Ո՞րն է Հայաստանի օրակարգը, և ո՞ւր ենք գնում (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր՝ «Հայկական օրակարգ. հետպատերազմյան Հայաստան, ՀՀ ներքին մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներն ու հանրային գործիչները ներկայացրին այն օրակարգը, որով, իրենց կարծիքով, պետք է գնա Հայաստանը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ելույթում նշեց, որ նախ պետք է մտածել երկրի անվտանգային միջավայրի ապահովման մասին։

«Մարդիկ այժմ ուզում են անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ, որոնք, ցավոք սրտի, այսօր մեր երկրում չկան։ Այս իշխանությունները պետք է հեռանան, որ կարողանանք կտրել պարտությունների շղթան, որ այսօր մեր երկրում կա։ Մենք ունենք անվտանգային խնդիրներ, ՀՀ սուվերեն տարածքում գտնվող թշնամու զինուժ, անհասկանալի հարաբերություններ մեր հիմնական դաշնակցի հետ։ Եվ այս ամենը լուծում է պահանջում»,- շեշտեց նա։

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էլ նկատեց՝ պետք է միասնական ջանքերով առաջ շարժվել, աշխատել հանրության հետ՝ բարձրացնելու նրա գիտակցությունը։

«Հասարակությունը փոխելու համար անհրաժեշտ է հասարակության 2 տոկոսի ակտիվությունը»,- ասաց նա։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գրիգորյանն էլ նկատեց, որ հանրությանը միասնական դառնալու և սեփական օրակարգը ձևավորելու հարցում խանգարող հանգամանք է նախկին-ներկա չդադարող դիսկուրսը։

Ըստ նրա՝ այժմ պետք է նայել ապագային, քանի որ ազգային օրակարգը ոչ թե տվյալ պահին և տեղում դոփելուն պետք է վերաբերի, այլ՝ ապագային ու դրա հետ կապված ծրագրերին։

Լրագրող՝ Նարե Գևորգյան

Լուսանկարիչ՝ Գեղամ Մկրտչյան