ՔՊ-ի «ապագան» հասավ Խաչիկ գյուղ. ադրբեջանցիները խաղաղ բնակիչ են առևանգել

Խաչիկ գյուղի բնակչին «Ջաղացի ձոր» կոչվող տարածքից ադրբեջանցիները տեղափոխել են Նախիջևան, օրեր անց՝ վերադարձրել:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը «մեսիջ» է ուղարկում Փաշինյանին և ՔՊ-ականներին. արդեն Վայոց Ձորից խաղաղ բնակիչներ են առևանգվում: Ապագա կա, սակայն հարց է, թե ում համար:
ՀՀ քաղաքացիների համար այդ ապագան շատ աղետալի է՝ հազարավոր հայ զինվորներ են զոհվել 44-օրյա պատերազմի ընթացքում, Արցախի մեծ մասն օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից, ՀՀ-ից արտագաղթը նոր ռեկորդներ է սահմանում, իսկ հայ-ադրբեջանական սահմանին «կիրթ» Ալիևն անում է այն, ինչ նրան թույլ են տալիս իրենց անգործությամբ ՀՀ գործող իշխանությունները: Ինչու պետք է ՀՀ քաղաքացիները սպանվեն սահմաններին՝ զինվորների զոհվելու կամ վիրավորվելու լուրերն ավելի հաճախ են հանդիպում լրատվականներում, իսկ ՔՊ-ն երևանյան սրճարաններում վայելում է կյանքը: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման անվան տակ ՀՀ-ում տեղի է ունենում կապիտալի և գույքի վերաբաշխում:
ՔՊ-ականների համար Փաշինյանի խոստացած ապագան վառ ու պայծառ է՝ ֆինանսական հոսքերը միայն ավելանում են, ՔՊ-ականները ստանում են «յուղոտ» պաշտոններ, իսկ ՀՀ քաղաքացիները զոհվում կամ առևանգվում են սահմաններում՝ կամ արտագաղթում նիկոլական Հայաստանից:
ՀՀ քաղաքացիները հանդուրժում են ՔՊ-ի իշխանություններին իրենց անտարբերությամբ նպաստելով փաշինյանական թիմի դիրքերի ամրապնդմանը: Ստեղծված ներքաղաքական իրավիճակը չունի ստանդարտ լուծումներ՝ Փաշինյանն ու թիմը չեն պատրաստվում լքել իշխանությունն ու դրա պարգևած բարիքներից հրաժարվել, իսկ ՀՀ քաղաքացիները կամ արտագաղթում են։
ՔՊ-ի կառավարման շրջանում ՀՀ-ն ու Արցախը հայաթափվելու են, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերը միայն ամրապնդվելու:
Վահրամ Բագրատյան