ԱԳ փոխնախարարը Շվեյցարիայի գործակալության տնօրենին է ներկայացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանզիին, որը գտնվում էր Հայաստանում տարածաշրջանային այցով: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից:
արույր Հովհաննիսյանը, ողջունելով Շվեյցարիայի գործակալության տնօրենի այցը Հայաստան, բարձր է գնահատել Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:
ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործակալության կողմից գյուղատնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի, մասնագիտական կրթության, տեղական ինքնակառավարման, արտակարգ իրավիճակների ոլորտներում Հայաստանում մի շարք ծրագրեր իրականացնելու համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել դրանց ընդլայնման շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության հարցերին: Նախարարի տեղակալը Պատրիսիա Դանզիին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը: