Ադրբեջանը շարունակում է կրակել ԼՂ-ի վրա, և բնակիչները ինքնապաշտպանվում են․ Միրզոյան

Իրադարձությունները բավականին միանշանակ են, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում է, և հարցն արագ հարթվել է՝ ռուս խաղաղապահների հետ բանակցությունների արդյունքում նաև։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպին, երբ Ադրբեջանը փակել էր Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ 

Նրա խոսքով՝ նոր պահանջների դուրսբերումն ու ներկայացումը, անշուշտ, իրավիճակը ավելի են սրացնում։ «Միտումնավոր, թե՞՝ ոչ, մեկնաբանությունների հարց է»,- նշեց նա։ 

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի դիտարկմանը, որ օրերս Արդբեջանի ԱԳ նախարար Բայրամովն անդրադարձել է Միրզոյանի նշած հին պայմանավորվածություններին, մասնավորապես՝ ասել է, թե, իբր, նոյեմբերի իննի հայտարարության կետերից ոչ բոլորն է հայկական կողմը կատարում, օրինակ՝ Արցախում զինված միավորում է պահում, Միրզոյանն արձագանքեց․

«Մենք շատ լավ գիտենք, որ ՀՀ-ն Արցախում չունի որևէ զինված կազմավորում, մենք գիտենք, որ ԼՂ-ն ունի պաշտպանության բանակ, և դա հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը ԼՂ բնակիչների ինքնապաշտպանությունն է, որի անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է։ ԼՂ-ի բնակիչների վրա շարունակում են կրակել, գազն են անջատում։ Երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների վտանգը, այդ ժամանակ, կարծում եմ, ԼՂ հայությունը կկարողանա քննարկել այլ սցենարներ»։ 

Միրզոյանը նկատեց՝ նոյեմբերի իննի հայտարարության ոչ բոլոր կետերն են կատարված, և առաջին հերթին հայ ռազմագերիների ու պատանդների ազատ արձակման մասին է խոսքը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։