ԱԳՆ-ն դեռ չի լուծել խնդիրը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հասանելի չէ

ԱԳՆ-ն դեռ չի լուծել խնդիրը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հասանելի չէ

Փետրվարի 13-ին տեղեկացրել էինք, որ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը: Այսօր էլ, երբ փորձում ես մուտք գործել այդ բաժին, error է տալիս։ Շաբաթներ շարունակ այս վիճակն է:

Ավելի քան երեք շաբաթ առաջ MediaHub-ը ԱԳՆ-ից հետաքրքվեց, թե ինչո՞ւ է գերատեսչության պաշտոնական կայքից հեռացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը, ո՞րն է պատճառը, հատկապես, որ դրանից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանն էր բողոքել, որ մեր երկրի արտաքին գործերի նախարարության կայքում նման բաժին գոյություն ունի: Գերատեսչությունից պատասխանեցին, որ տեխնիկական խնդիր է, վերականգնվելու է և որ այլ բաժիններ էլ կան, որ այս պահին չեն գործում։ Իսկ հարցին, թե արդյո՞ք տեխնիկական խնդրի լուծումից հետո բաժինը կվերականգնվի նույնությամբ, մեզ վստահեցրեցին՝ այո։ Բայց ահա անցել է երեք շաբաթից ավելի ժամանակ, բայց բաժինը չի վերականգնվել, error է տալիս:

Ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հավաստիացրել էր, որ ոչ թե տեխնիկական խնդիր է և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում:  

Այսօր էլ MediaHub-ի հարցին ի պատասխան ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը կրկնեց․ "Տեխնիկական խնդիր չէ և կայքի բովանդակությունը կվերականգնվի, բովանդակությունը կարտահայտվի կայքում"։

Ստացվում է, որ այս պահին էլ ԴԵՌ պարզ չէ, թե երբ բաժինը կվերադառնա կայք:

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ԱԳՆ կայքում «տեխնիկական խնդիրներն» ի հայտ եկան այն բանից հետո, երբ թշնամի երկրի նախագահ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարեց, որ բացի Անկախության հռչակագրից, Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։

Մարիաննա Արամյան