Ուղիղ. Արագածավանցիները դժգոհ են, որ մարդ ծեծած ՔՊ-ական ՋՕԸ պետը ազատության մեջ է
Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը Արագածավան համայնքում է։ Վերջինս յուրաքանչյուր հինգշաբթի հանդիպումներ է ունենում համայնքներում, այսօր Արագածավան է եկել գյուղացիների կարծիքները լսելու։ Թալինի ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանի հարցը ևս քննարկվելու է։
Գյուղացիները MediaHub-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք դժգոհություն ունեն, քանի որ ՋՕԸ պետը բոլորի հետ խնդիրներ է ունեցել։
MediaHub-ը զրուցեց նաև Արգածավանի վարչական ղեկավար Արթուր Նազարյանի հետ, որը հրաժարվեց տեսախցիկի առաջ մեկնաբանություն տալ, բայց նշեց, որ վստահ է՝ ամեն ինչ լինելու է օրենքի սահմաններում։
Հիշեցնենք, 2023թ հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն (Սուրեն Թորոսյան-խմբ․) գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։
Թորոսյանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: