Պատմության այս օրը․ Ինչու՞ է ուսումնական տարին սկսվում սեպտեմբերի 1-ին (լուսանկարներ)

Պատմության այս օրը․ Ինչու՞ է ուսումնական տարին սկսվում  սեպտեմբերի 1-ին (լուսանկարներ)

Պատմության մեջ յուրաքանչյուր օր առանձնանում է որևէ իրադարձությամբ, փաստով կամ տոնով։ Եվ այսուհետ  MediaHub.am-ն իր հետևորդներին է ներկայացնելու յուրաքանչյուր օրվա խորհուրդը։ 

Շարքի առաջին անդրադարձը նոր ուսումնական տարվա մեկնարկն է։ Եվ, այսպիսով, ինչու՞ է ուսումնական տարին սկսվում հենց սեպտեմբերի մեկին։

Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի։ 4-րդ դարում՝ 325 թվականի մայիսի 20-ին, Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից։

Ըստ ավանդության Արիստակեսը Հայաստան է բերում Նիկիական ժողովի որոշումները և ներկայացնում Գրիգոր Լուսավորչին։ Վերջինս դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։ Եվ քանի որ այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին ևս սկսեցին նշել սեպտեմբերի մեկին։ Իսկ Ռուսաստանում այն սկսում են նշել 15-րդ դարի վերջին՝ 1492 թվականին, Հովհաննես III-ի հրամանով։ Բայց շատ պատմիչներ գտնում են, որ եկեղեցին Հովհաննեսի ցուցումով մինչ այդ տարվա սկիզբը արդեն սկսել էր տոնել սեպտեմբերին։

1699 թվականին Պետրոս Մեծի հրամանով Ռուսաստանում Նոր տարին սեպտեմբերի 1-ից տեղափոխվեց հունվարի մեկ։ Ստացվեց, որ 1699 թվականը ունեցավ ընդամենը 4 ամիս՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իսկ հունվարի 1-ից սկսվեց 1700 թվականը։ Սակայն երեխաները գնացին դպրոց սեպտեմբերի 1-ից։ Ուսումնական գործընթացը արագացնելը և չորս ամսում ամբողջ տարվա ծրագիրը յուրացնելը անհնար էր, ուստի սեպտեմբերի 1-ից նոր ուսումնական տարին սկսելու ավանդույթը մնաց անփոփոխ։ Մյուս պատճառն էլ այն էր, որ այդ օրերին դպրոցը սերտ կապված էր եկեղեցու հետ, իսկ եկեղեցին չէր շտապում փոխել իր ամանորյա օրացույցը, որտեղ Նոր տարին նշվում էր սեպտեմբերի 1-ին։

Սեպտեմբերի 1-ը՝ որպես Գիտելիքի օր, սկսել է նշվել ԽՍՀՄ-ում։ Մինչ XX դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ Դասերը տարբեր ուսումնական հաստատություններում սկսվում էր տարբեր օրերի։ Օրիանակ՝ գյուղերում ուսումնական տարին սկսվում էր խոր աշնանը, երբ ավարտվում էին գյուղատնտեսական աշխատանքները, բայց ահա քաղաքներում գիմնազիաները սկսում էին գործել դեռևս օգոստոսի կեսերից։ 1930 թվականի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։

1980 թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։

ԽՍՀՄ- ի փլուզումից հետո Գիտելիքի օրը շարունակել է նշվել որպես պաշտոնական տոն նրա կազմում եղած պետություններում, այդ թվում՝ Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ղազախստանում, Թուրքմենիայում, ինչպես նաև Չեխիայում և մերձբալթյան երկրներում։ Այդ երկրներում նոր ուսումնական տարին շարունակում է սկսվել աշնան առաջին օրվանից՝ սեպտեմբերի 1-ից։

Սեպտեմբերի 1-ը կոչվեց «Գիտելիքի օր», քանի որ հենց այդ օրն է սկսվում նոր ուսումնական տարին։ Գիտելիքի օրը համարվում է միջազգային տոն։ Օրը տոն է բոլոր աշակերտների, ուսանողների, ծնողների, ուսուցիչների, դասախոսների ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են ուսումնական հաստատությունների հետ։ Սովորողները տոնական տեսք ընդունած գնում են դպրոց՝ նշելով իրենց ուսումնական տարվա առաջին օրը։

Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան։ Բարձրաստիճան պաշտոնյաները օրվա կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձն են հղում սովորողներին։