Պատմության այս օրը․ Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր

Պատմության մեջ յուրաքանչյուր օր առանձնանում է որևէ իրադարձությամբ, փաստով կամ տոնով։ Դե իսկ այսօրվա MediaHub.am-ի անդրադարձը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվանն է։
Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային: 2008-ից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հայտարարվեց «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
2020 թվականին Հայաստանն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որի դրույթները համահունչ են Կոնվենցիայի պահանջներին:
2020 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում ճանաչվել են ՄԱԿ-ի Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման մրցանակակիր` ծխախոտի դեմ պայքարի համապարփակ օրենք ընդունելու համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի ծխախոտը 8 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում, որից 1,2 միլիոնը՝ երկրորդային ծխի ազդեցությամբ:
Ամբողջ աշխարհում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:
Եթե անհրաժեշտ միջոցառումներ չտարվեն, ապա 2030 թվականին ծխախոտի հետեւանքով մահերի թիվը կարող է գերազանցել 8 միլիոնը: