ՀԱՊԿ-ից դու՞րս, թե...

ՀԱՊԿ-ից դու՞րս, թե...

Մինսկում երեկ կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներ գագաթնաժողովը։ Երևանի ու դաշինքի լարված հարաբերություններին ֆոնին ոչ արտգործնախարարը, ոչ պաշտպանության նախարարը, ոչ Անվտանգության խորհրդի քարտուղարը, ոչ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէին մեկնել Մինսկ:

Գագաթաժողովի ավարտից հետո Բելառուսի Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Հայաստանի բոյկոտի մասին. «Մենք չենք թաքցնի, քննարկել ենք նաև իրավիճակը Կովկասում, և ՀԱՊԿ անդամներից մեկի որոշակի դժգոհությունը: Մենք միասնական եզրահանգման ենք եկել, որ խնդիրներ միշտ եղել են, կան ու կլինեն, սակայն դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե դեմարշներ արվեն առանց պատճառի: Մենք կարծիք և ցանկություն հայտնեցինք, որ հավանաբար Պետերբուրգում, որտեղ հիմնականում տնտեսական միջոցառում է լինելու, այնուամենայնիվ կտեսնենք մեր հայ բարեկամներին», - ասել է նա:

Այսօր քաղաքացիների հետ հարց ու պատասխանի ձևաչափով հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ու ՀԱՊԿ բարդ հարաբերություններին: «Ուզում ենք մինչև վերջին հնարավորությունը օգտագործել ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար: Եթե այս ճանապարհին մենք սպառված համարենք ամբողջ պոտենցիալը... մեր հանրությունը մեզ հարցնելու է՝ իբր ինչու եք մնացել կազմակերպությունում»,- ասել է նա:

Այսպիսով, Փաշինյանը բաց տեքստով ակնարկում է, որ մոտ ապագայում կարող է քննարկվել ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռանալու հարցը:

Ամբողջ խնդիրն այն է, որ Փաշինյանը և մյուսները չեն տալիս ամենասկզբունքային հարցի պատասխանը՝ արդյո՞ք Արևմուտքը մեզ առաջարկել է անվտանգային այլընտրանքային համակարգ կամ արդյո՞ք Հայաստանը որևէ արտաքին քաղաքական աջակցություն կստանա, եթե հանդիպի Ռուսաստանի հակազդեցությանը

Մյուս կողմից, Արևմուտքն այսօր չի կարողանում երաշխավորել հայ- ադրբեջանական դիալոգը, արդյո՞ք նա ունի բավարար ռեսուրսներ, քաղաքական կամք կամ ցանկություն՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը, ցավոք, այսօրվա ասուլիսը չտվեց: