7 տարուց ավելի հին մեքենաների ներկրում չի՞ լինի Հայաստանում․ ի՞նչ ռիսկեր կլինեն ՀՀ տնտեսությունում

Ղազախստանը նախատեսում է ԵԱՏՄ երկրներին առաջարկել արգելել 7 տարուց ավելի հին մեքենաների ներկրումը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության երկաթուղիների նախարարության ինտեգրման և միջազգային համագործակցության վարչության տնօրեն Ադիլբեկ Բեկտիբաևը։ Նրա խոսքով՝ «եթե բոլոր հինգ երկրները միաձայն աջակցեն մեզ, ապա ընդհանուր առմամբ նման մեքենաներ չեն ներկրվի միության տարածք, աշխատանքային խմբի առաջարկը դեռ քննարկման փուլում է, դրա իրականացման համար անհրաժեշտ է ողջ եվրասիական հնգյակի աջակցությունը»։
Հայաստանի ողջ տարածքում նկատելի է, որ բավական շատ են 7 տարուց ավելի հին մեքենաները, Հայաստանի բնակչությունը հաճախ չի թարմացնում մեքենաները, և նման որոշումը կարող է փաստի առաջ կանգնացնել մեր հասարակությանը։ Ի՞նչ ռիսկեր են կարող լինել ՀՀ տնտեսությունում այդ որոշումը իրականացնելուց հետո․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
«Առհասարակ, ԵԱՏՄ–ի շրջանակներում ցանկացած որոշում կայացնում է կոնսենսունսը։ Հայաստանը կամ մյուս երկրները կարող են հասկանալ, որքանով է ձեռնտու այդ որոշումը, որ 7 տարուց ավելի հին մեքենա չեն կարողանա ներկրել և դրա համապատասխան քայլեր իրականացնեն։ Կարծում եմ՝ Հայաստանի պարագայում այդքան էլ ձեռնտու չի լինի, հաշվի առնելով այն, որ վերջին տարիներին Հայաստանը դարձել է Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների համար ավտոմեքենաների վերարտահանող երկիր»,– ասաց Պարսյանը։
Ըստ տնտեսագետի՝ անցած տարի Հայաստանից Ռուսաստան մոտ 350 մլն դոլարի ավտոմեքենա է արտահանվել, պետք է վերլուծել և հասկանալ դրական և բացասական կողմերը այդ որոշման։ Նա նշեց, որ դրական կարող է համարվել այն երկրների պարագայում, որոնք ունեն տեղական արտադրություն, օրինակ՝ եթե Հայաստանն ունենար ավտոմեքենաների արտադրություն, փակեր հին ավտոմեքենաների ներկրումը, որ տեղական արտադրանքը վաճառվեր, բայց քանի որ Հայաստանը չունի, իսկ ԵԱՏՄ երկրների պարագայում Ռուսաստանն է հիմնականում, մասամբ Բելառուսը և Ղազախստանը, սակայն իրենց պարագայում էլ օտարերկրյա մեքենաների ներկրման անհրաժեշտություն կա։
«Իրենք չեն կարող փակել ԵԱՏՄ ներքին պահանջարկը՝ հաշվի առնելով շուկայական առանձնահատկությունները։ Կարծում եմ, Հայաստանը պետք է գնահատի այդ որոշման բացասական և դրական կողմերը»,– նշեց Պարսյանը։
Իսկ ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկան MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ առաջին հերթին մաքսատուրքերը կբարձրանան, և երկրորդ՝ պետք է հասկանալ, որ սա նաև աջակցություն է մեքենաշինության ոլորտին և արտադրողները հետաքրքրված են։
«Այդ մեքենաները ոչ թե ուղիղ գնում են Եվրասիական տնտեսական միության շուկաներ, այլ զուգահեռ՝ ռուսական շուկա։ Այսինքն՝ եթե ընդհանուր առմամբ մենք ունենք սպառողական հարաբերություն, ապա կարող եք նայել Հայաստանից և Ղազախստանից արտահանումները, տվյալ դեպքում այս երկրներից մոտավորապես 707 000 մեքենա է գնում ռուսական շուկա։ Սա մի կողմից հնարավորություն կընձեռի ավտոմոբիլային արդյունաբերության զարգացման համար, բայց մյուս կողմից փոքր-ինչ կդադարեցնի նման զուգահեռ արտահանումը»,– նշեց ռուս քաղաքագետը։
Մարիաննա Արամյան