Վերջնական ծնկի բերել, նվաuտացնել. Փաշինյանը կգնա՞ Բաքու,  «խաղաղության պայմանագիրը» կստորագրի՞ Բաքվում

Վերջնական ծնկի բերել, նվաuտացնել. Փաշինյանը կգնա՞ Բաքու,  «խաղաղության պայմանագիրը» կստորագրի՞ Բաքվում

Ինչպես հայտնի է, Ադրբեջանն այս տարի կհյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի հերթական նստաշրջանը՝ COP-29-ը։ Այն կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-24-ը: Եվ Ադրբեջանն այս միջոցառմանն այնպիսի մեծ լրջությամբ է պատրաստվում, որ անգամ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը փոխեց:

MediaHub-ը կրկին ճիշտ էր. դեռևս հունիսի 3-ին գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին ևս հրավեր ուղարկվել է: Գրել էինք նաև, որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, թե՛ Երևանը, թե՛ Բաքուն այս միջոցառումը դիտարկում են որպես հարթակ, որտեղ, հնարավոր է, ստորագրվի այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը»: Եվ սա Բաքվի վերջնական հաղթանակը կլինի: 

Գրեթե երկու ամիս անց։ «Բաքուն Երևանին հրավիրել է COP29 կլիմայական գագաթնաժողովին»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Կազմակերպության նախագահ Մուխթար Բաբաևը նամակով դիմել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարին և սպասում է պատասխանի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները Հաջիևի խոսքերը։

MediaHub-ի վերլուծաբան–մեկնաբան Սուրեն Սուրենյանցն իր էջում այս հարցի շուրջ հարցում է տեղադրել, որի պատասխաններն ուշագրավ են։ Սուրենյանցը մի քանի տարբերակ էր առաջարկել իր հետևորդներին և ահա այսպիսի պատկեր է ստացվել՝ 

«Հայաստանը պետք է ընդունի հրավերը» պատասխանն ընտրել են հարցվածների 5%-ը, «Հայաստանը պետք է մասնակցի գագաթնաժողովին, բայց ոչ վարչապետի մակարդակով» պատասխանը՝ 8%-ը, 57%-ն ընտրել են «Հայաստանը պետք է ընդունի հրավերը՝ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով» տարբերակը, իսկ 4%-ը՝ «Հայաստանը պետք է ընդունի հրավերը՝ նոր պատերազմը կանխելու նպատակով»: Եվս 26%-ն էլ ընտրել է «Հայաստանը որևէ պարագայում չպետք է մասնակցի Բաքվի գագաթնաժողովին» տարբերակը։

Ի դեպ, համացանցում այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, թե բացի այն, որ «խաղաղության պայմանագիրը» կարող է ստորագրվել Բաքվում, այլև ռազմագերիների հարցը՝ չորս տարի անց կարող է լուծվել, և պայմանագիրը կնքվի բոլոր ռամագերիներին ազատ արձակելու պահանջով։ 

Այն, որ Փաշինյանը պատրաստ է գնալ Բաքու, մենք գրեթե չենք կասկածում, և ամենը տանում է հենց դրան, բայց արդյո՞ք նա իսկապես կգնա այս քայլին՝ Հայաստանին վերջնական ծնկի բերել ու փաստացի կապիտուլյացիայի ակտը ստորագրել Բաքվում՝ թշնամի երկրի մայրաքաղաքում:

Կրկնվենք՝ եթե դա տեղի ունենա հենց այս սցենարով, ապա սա իսկապես մեծագույն հարված է ամբողջ հայության համար:

Մարիաննա Արամյան