Մեր կանանց ձեռ են առնելու, մեզ բռնելու են տանեն Բաքու․ Արցախում բունտ է հասունանում

«Արցախի հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի նախաձեռնությամբ 130 օրից ավելի ադրբեջանական բլոկադայի մեջ ապրող արցախցիներն այսօր ժամը 11-ից հավաքվել են Ստեփանակերտի «Ազատամարտիկների» պուրակում՝ Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի հեռացման պահանջով։
Օսիպյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ ռուս խաղաղապահներն են խաբում արցախցիներին՝ ասելով, թե անցակետում ադրբեջանցի չկա եւ չի լինելու։
«Մարդիկ գալիս հասնում են անցակետ ու տեսնում, որ ազերիներն են ստուգումներ անում։ Սա արդեն վերջն է, չպետք է լռել եւ թույլ տալ, որ ազերիների անցակետ լինի։ Սա նշանակում է, որ արցախցիներին ուղղակի ջարդելու են, կանանց ձեռ են առնելու, սաղիս բռնելու են տանեն Բաքու։ Այստեղ մտածելու այլ տարբերակ չկա, պիտի դուրս գանք համաժողովրդական պայքարի։ Ռուսներից, Հայաստանից, մեր իշխանություններից պետք է պարզել, թե ինչ է կատարվում, ինչ ծրագրեր ունեն։ Մենք պիտի ստիպենք ու պահանջենք բոլորից, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ չլինի»,-ասաց Օսիպյանը։
Դիմելով արցախցիներին՝ վերջինս ասաց, որ ովքեր պատրաստ են պայքարել, համաձայն չեն ադրբեջանական անցակետի հետ, թո՛ղ գան հավաքի վայր։ Օսիպյանը շեշտեց՝ ամեն ինչ մի կողմ թողնելու և պայքարելու պահն է։
«Այդ անցակետն այնտեղից պետք է հանեն։ Միջանցքը պետք է լինի ռուսական վերահսկողության տակ։ Կապ չունի, թե ով ինչ կուսակցությունից է, ներքին տարաձայնություններ ունեն, թե ոչ, բերեք իրար հետ ոնց կանք, այդպես մնանք, բայց համախմբվենք այս խնդրի շուրջ եւ մեր ուժն ու հնարավորությունները տրամադրենք այս գործին»,-նշեց նա։
Լիա Սարգսյան