Հայկ Սարգսյանին և Տիգրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքները մակագրվել են Ռուբիկ Մխիթարյանին․ փաստաբաններ

Հայկ Սարգսյանին և Տիգրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքները մակագրվել են Ռուբիկ Մխիթարյանին․ փաստաբաններ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին, կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին։ Այս մասին MediaHub.am-ին փոխանցեց Հայկ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, կալանավորելու որոշման դեմ նույնպես վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը նույնպես մակագրվել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին։

Խաչատրյանի փաստաբան Բենիկ Գալստյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ դատավորը պետք է որոշում կայացնի անձին անհապաղ կալանքից ազատ արձակելու մասին՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

«Մնացած ակնկալիքները՝ այս երկրում, այս ԲԴԽ-ի պայմաններում դժվար է ասել։ Եթե պահեն կալանքի տակ, ապա այս գործով ևս մեկն է ավելանալու։ Անձը քաղաքական բանտարկյալ է»։

Նշենք, որ Սարգսյանի բողոքի քննությունը նշանակվել է հուլիսի 4-ին, իսկ Խաչատրյանի բողոքի քննությունը նշանակվել է հուլիսի 7-ին։

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը և Հայկ Սարգսյանը կալանավորվել են զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Խոսքը վերաբերում է մայիսի 31-ին Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց «Դիմադրություն» շարժման կազմակերպած ակցիային։

Լիաննա Թորոսյան