Ամբողջ գաղթի ճանապարհին զոհված որդու անունն էր տալիս, հետո սիրտը կանգ առավ․․․

«Հայրս, որ 2020 թվականից հետո այդպես էլ «չապրեց», հոգին ավանդեց գաղթի ճանապարհին»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Արցախի Մարտունուց՝ Գեղարքունիքի Մարտունի տեղափոխված Իրինա Բաբայանը։
Նրա հայրը՝ 89-ամյա Զորիկ Բաբայանը, 2020 թվականին կորցրեց նախ կնոջը, ապա 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվեց որդին՝ Իգորը։ Իրինան ասում է, որ դրանից հետո հայրը ցավից տեղը չէր գտնում։ 2023 թվականի պատերազմից 6 օր անց գաղթի համար բացվեց Մարտունի-Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։ 3 օր տևած ճանապարհին տարեց տղամարդու ուշքն ու միտքը իր Մարտունում էր։
«Ամբողջ ճանապարհին Իգորի անունն էր տալիս։ Իր տան, իր ապրուստի, Արցախում ապրած իր տարիների համար այնքան չէր ափսոսում, որքան որդու և կնոջ գերեզմանների համար։ Կորուստների հետ չէր հաշտվում։ Ինքն իրեն հարց էր տալիս՝ ո՞ւր եմ գնում, երբ սրբություններս մնացին Մարտունիում»,- պատմում է դուստրը։
Իրինայի խոսքով՝ երբ ճանապարհն անսովոր երկար ու հոգնեցուցիչ է եղել, հայրն ասել է, որ սնվելու կարիք ունի։ Եղած ուտելիքը ճանապարհին վերջացել էր։ «Մենք անհամբեր սպասում էինք, որ հասնենք Գորիս, մի տեղ նստենք ու նորմալ հաց կուտենք։ Բայց երբ հասանք Գորիս, կանգնեցրինք մեքենան, հայրս իջավ մեքենայից ու գլխապտույտ ունեցավ, ընկավ բետոնապատ տարածքում»։
Գորիսի բժշկական կենտրոնից Զորիկ Բաբայանին ուղղաթիռով տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ կոմայում մեկ շաբաթ մնալուց հետո՝ մահացել է։
Բաբայանների ընտանիքը Արցախի Մարտունուց տեղահանվելուց հետո որոշում է կայացրել ապրել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Բնակլիմայական պայմանները տարբեր են, փոխարենը մարտունեցիների ջերմությունն է նույնը։ Արցախի և հարազատների կորստից հետո Իրինայի ցավը մեղմում են զավակներն ու թոռները...
Հունան Թադևոսյան