Թշնամանք է եղել, բայց աղետի ժամանակ պետք է օգնել իրար. Կարո Փայլան

Շատ մեծ աղետ է․ թուրքերն էլ, հայերն էլ մեծ կորուստ ունեցան։ Դժբախտաբար, Մալաթիայում 3 հայ զոհ ունենք, Իսկանդերունում էլ 2 հայ զոհ կա։ Հուղարկավորությունները ուրբաթ է լինելու։
Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ խոսելով Թուրքիայում ավերիչ երկրաշարժի մասին։
«Ես հիմա Մալաթիա եմ գնում, ժողովուրդը մեծ օգնության կարիք ունի։ Հաց չկա, ջուր չկա, էլեկտրականություն չկա, գազ չկա։ Ամեն տեսակ օգնության կարիք ունենք։ Թուրքիայում մոտ 50 հազար զոհ կարող է հաստատվել»,-ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային աջակցություն է տրամադրել։ Երեկոյան Փայլանը հայտնել էր, որ Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնութունն արդեն իսկ Թուրքիայում է։
«Հանդիպելու եմ նրանց հետ, օգնության մասին խոսելու ենք։ Հայաստանից Թուրքիա օգնություն ուղարկելը շատ կարևոր քայլ է։ Հարյուրավոր տարիներ թշնամանք է եղել, բայց աղետի ժամանակ պետք է օգնել իրար։ Ես խմբի հետ կապի մեջ եմ և ինքս էլ օգնելու եմ նրանց, որ հաջողեն»,-ընդգծեց Փայլանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում՝ այն դարձնելով ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։
Նախագահ Թայիփ Էրդողանը Թուրքիայում յոթօրյա համազգային սուգ է հայտարարել, իսկ տուժած 10 նահանգներում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարվել։ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջանը հայտնել էր, որ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6234-ի, վիրավորներինը՝ 37.011-ի։
Լիաննա Թորոսյան