Ո՞նց կարող ես տանդ բանալին տալ, ախր Արցախն է տանդ բանալին․ Գայա Արզումանյան

Այսպես եղավ, որ 44-օրյայից հետո ամբողջ ազգով ոտքի չկանգնեցինք ու համակերպվեցինք, որ Արցախի մեծ մասը նվիրվեց։ Այդ մասին այսօր ՄԱԿ գրասենյակի մոտ անցկացվող ակցիայի ժամանակ ասաց արցախցի երգչուհի Գայա Արզումանյանը։ 

Նա նշեց, որ ինքը երեխա է եղել, որը «պադվալում», բայց հաղթանակած է ապրել, ու երբեք չի մտածել, որ Արցախը կյանքում կարող է լինել Ադրբեջանի որոշ մաս։

«Դա անհնար բան է, եթե անգամ տեսնեմ, չեմ հավատա նման բանի։ Որպես հայ՝ համարում եմ, որ արցախցին իրավունք չունի հանձնվելու։ Այսօր 120 հազար արցախցի, չունենալով լույս ու ուտելիք, պայքարում է։ Մենք այդ ամենն անցնելու ենք»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունը հայտարարում է՝ Արցախն Ադրբեջանի մաս է, Գայա Արզումանյանն արձագանքեց՝ դա իր տան մեջ է որոշել ՀՀ ղեկավարը։

«Ինքը կարա՞ որոշի Արցախի Հանրապետության ժողովրդի տեղը, իհարկե, ո՛չ։ Ես արցախցի եմ, չեմ համարում, որ Արցախը կարա դառնա Ադրբեջանի մաս: Ինքը չի կարա որոշի։ Իմ հայրենիքի համար զոհվել են իմ ախպերները, հազարավոր երեխա է զոհվել Արցախի համար։ Ինքը չի կարա Արցախը հանձնի»,- նշեց նա։

Երգչուհին նշեց՝ Ադրբեջանն էն դեպքում կբացի միջանցքը, երբ աշխարհի բոլոր հայերը ոտքի կկանգնեն ու կպայքարեն։

«Բա հայի համար չենք պայքարելո՞ւ։ Հայ բառն ամենաուժեղն է եղել միշտ, հիմա թողնում ենք էսքան թույլ դառնա՞։ Չի կարող հերոսներ ունեցող այս ազգը համակերպվի, ինչ է թե մեկը ստորագրել է։ Հայ ես, ո՞նց կարող ես տանդ բանալին տալ, ախր Արցախն է տանդ բանալին»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։