Պատերը փլվում են մանկապարտեզի սաների գլխին, բայց քաղաքապետարանին դա չի հուզում

Պատերը փլվում են մանկապարտեզի սաների գլխին, բայց քաղաքապետարանին դա չի հուզում

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող թիվ 14 մանկապարտեզում ոչինչ դեպի լավը չի փոխվի, համենայնդեպս, քաղաքապետարանը որևէ քայլ այդ առումով գալիք՝ 2023 թվականին չի անելու։ 

Դեռ նախորդ տարի MediaHub-ը ծնողների ահազանգով գնացել էր Կիլիկիա թաղամասում գտնվող մանկապարտեզ, որտեղ պատերն ու առաստաղը փլվում են երեխաների վրա, կոյուղին գրեթե ամեն ամիս խցանվում է, խոնավության հոտն էլ՝ խեղդում։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանից մեզ հետ զրույցում ասել էին, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, սակայն, թե կոնկրետ ինչ քայլեր են արվելու՝ չէր նշվել։ Այդ ժամանակ մեր հրապարակումը բավականին լայն արձագանք ստացավ, ԱԺ ամբիոնից անգամ խոսվեց խնդրի մասին, հստակ պահանջներ հնչեցին, սակայն, ինչպես երևում է, այդ ամենն ապարդյուն էր։

Ի տարբերություն քաղաքային իշխանության, մեզ իրապես մտահոգում է մանկապարտեզի և այնտեղ հաճախող սաների ճակատագիրը։ Մեր առաջին հրապարակումից մեկ տարի անց՝ 2022 թվականի նոյեմբերի 29-ին մենք կրկին այցելեցինք թիվ 14 մանկապարտեզ, և ինչպես ակնկալում էինք՝ ցավոք, այնտեղ ոչինչ չէր փոխվել… չէ, ավելի շուտ մի բան էր փոխվել՝ սաների թիվը․ նախորդ տարի 70-ից ավելի սաների էր սպասարկում մանկապարտեզը, այս տարի՝ 62 հոգու։

Ներսում նկարահանումներ անել մեզ չթույլատրեցին, քանի որ քաղաքապետարանից թույլտվություն չունեինք, սակայն առանց տեսախցիկի կարողացանք շրջել տարածքում և համոզվել, որ վիճակն էլ ավելի է վատացել։ Ինչը բնական է. եթե տարիներով որևէ գումար չի հատկացվում առանց այդ էլ խնդիր ունեցող, բառի բուն իմաստով փլվող տարածքի վրա, ապա ինչպե՞ս չվատթարանա վիճակը:

Այս անգամ ևս փորձեցինք Երևանի քաղաքապետարանից պատասխան ստանալ, թե գոնե 2023 թվականին որևէ քայլ արվելո՞ւ է այս խնդրի լուծման ուղղությամբ։ Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ 2023թ. բյուջեով նշված հաստատության հիմնանորոգման համար գումար հատկացված չէ, քանի որ Երևանի քաղաքապետարանում քննարկվում են խնդրի լուծմանը միտված տարբերակներ՝ առավել արդյունավետ կարգավորում գտնելու նպատակով: 

«Տեղեկացնում ենք, որ Երևանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող սաների անվտանգության ապահովման և առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները վերահսկվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների մասնագետների կողմից»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում։ 

Թե ինչ նկատի ունեն արդյունավետ կարգավորում ասելով, հստակեցված չէ, նաև պարզ չէ, թե քանի տարի է անհրաժեշտ՝ խնդիրը լուծելու համար։ Այդ պատխասխանն էլ ստանալու համար, թերևս, նոր հարցում պետք է ուղարկենք։ Իսկ մինչ պատկան մարմինները վերջապես ուշադրություն կդարձնեն այս խնդրին, հույս ունենանք, որ մանկապարտեզ հաճախող որևէ երեխա չի տուժի այդ անտարբերությունից, որն ուղղակիո առնչվում է նրանց անվտանգությանը:

Նարե Գնունի