«Երեխաները մահամերձ էին, վիրավոր, բայց ռուսները ո՛չ թողեցին մենք օգնենք, ո՛չ իրենք օգնեցին…»

«Ես իմ ցավը լուռ եմ տանում, որովհետև հաճախ դա ավելի խոսուն է, քան խոսքը։ Ինչ խոսք, հայրենիքի կորուստն ամենամեծ ցավն է, բայց ամենքս մեր հետ բերել ենք նաև մեր անձնական ցավը, հոգու ցավը, որի մասին միայն դու գիտես։ Գոնե առանց կորուստների դուրս գայինք, մարդ չբացակայեր»…
Ժաննա Գաբրիելյանն Ասկերանի շրջանի Սառնաղբյուրից է տեղահանվել ու ընտանիքի հետ ապրում է Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։ Նա MediaHub-ին պատմում է փոքր գյուղի մեծ ցավի մասին, որտեղ ամիսներ առաջ սառնաղբյուրցիները, միմյանց նեցուկ լինելով, փորձում էին ճեղքել բլոկադային դժվարությունները։
«Մի շոկոլադը մի քանի տեղ կիսում էինք։ Մեկն իր պատրաստած թխվածքաբլիթն էր բերում, մեկն իր այգու բարիքները, մյուսն իր տան վերջին ուտելիքը, հավաքվում էինք, խոսում, ցրվում, պատրաստվում հաջորդ օրվան։ Աղջիկս ամուսնացավ Արցախի պաշարման ժամանակ։ Մեծից փոքր լծվել էին կազմակերպչական գործին ու միասին դա էլ արեցինք։ Հիմա, երբ հիշում եմ, արտասվելուց բացի այլ բան չեմ կարողանում անել»,- ասում է երկարամյա ուսուցչուհին։
Սեպտեմբերի 19-ին թշնամու թիրախում հայտնված Սառնաղբյուրում ցեղասպանության դասական օրինակ էր։ Ժաննա Գաբրիելյանն ասում է, որ բոլոր ուղղություններով կրակում էին, գյուղը պաշարված էր, իսկ օգնություն այդպես էլ չհասավ։
«Մինչ այսօր ուշքի չեմ գալիս, որտեղ երեխա եմ տեսնում, իմ աշակերտներին եմ հիշում՝ Դավիթին, Միքայելին ու Նվերին։ Այստեղ Սայաթ-Նովա գյուղում նույնիսկ պարապմունքներ չեմ կարողանում անցկացնել, սիրտ չկա։ Գիտե՞ք, ռազմադաշտում զոհվելն ինչ որ տեղ հասկանալի է, գերեվարվելն էլ, բայց պատերազմներում երեխաների զոհվելը սարսափելի ցավ է։ Մեկ-մեկ ասում եմ՝ ի՞նչ կարող էի անել ես, որ չեմ արել, գոնե երեխաները փրկվեին»,- ասում է մեր զրուցակիցը։
Ժաննա Գաբրիելյանի ամուսինը՝ Արսենը, ընկերոջ Սիմոնի հետ փրկվել է հրաշքով։ Նրանք փորձել են օգնություն ցուցաբերել վիրավորում ստացած համագյուղացիներին, բայց իրենք էլ հայտնվել են ադրբեջանցիների նշանառության տակ, ստացել ծանր վիրավորումներ։
«Մենք գյուղի վերևի թաղամասում էինք։ Դուրս գալու ժամանակ Սյոմայի որդու մեքենայով իջանք ներքև, հետո որոշեցինք ոտքով առաջանալ, տեսնենք՝ գյուղում ով է վնասվել, ում ինչով կարող ենք օգնել, քանի որ խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակում էին նաև տների վրա։ Ներքևի թաղամասի բնակիչները մի տեղ էին հավաքվել, բոլորը ցավից գոռում էին, մի ահավոր տեսարան էր։ Մոտեցանք, որ գոնե վիրավորում ստացած երեխաներին փրկենք, բայց ադրբեջանական բանակի ուղիղ կրակոցից վիրավորում ստացանք նաև մենք»,- պատմում է Արսեն Գաբրիելյանը։
Արկի պայթյունից Արսենը բեկորային վիրավորում է ստացել գլխից ու ոտքերից, իսկ ընկերը՝ ճակատից ու պարանոցի հատվածում։ Նրանք այդ վիճակում մոտեցել են Սիմոնի որդու մեքենային։ Տիգրանը նրանց բերել է Սառնաղբյուրից ոչ հեռու տեղակայված ռուս խաղաղապահների հենակետ։
«Ռուսները վիրակապել են մեր վերքերը, ասել, որ անհապաղ պետք է տեղափոխվենք հիվանդանոց։ Տիգրանը փորձել է հետ գնալ ու երեխաներին տարհանել, մոտեցնել ռուսներին, բայց նրանք չեն թողել։ Ասել ենք՝ «մարդիկ են մահացել, երեխաներ են մահամերձ վիճակում, վիրավոր են բոլորը, գոնե դուք գնացեք, օգնեք», ասել են՝ «սպասում ենք հրամանի, որը դեռ չունենք». ո՛չ թողեցին մենք օգնենք, ո՛չ իրենք օգնեցին»,- ասում է մեր զրուցակիցը։
Արսենն ու Սիմոնը նույն օրը տեղափոխվել են Ստեփանակերտ։ Մեր զրուցակցի խոսքով՝ ամբողջ մեքենան արյունի մեջ էր, իրենք էլ անգիտակից վիճակում։
«Բժիշկներն այնտեղ օգնություն ցուցաբերեցին, իսկ սեպտեմբերի 28-ին՝ դեռ չապաքինված, ասացին՝ «գնացեք, հիվանդանոցն այսօրվանից չի սպասարկում, բոլորս դուրս ենք գալիս»։ Մարդ չկար, որ թղթերս գոնե վերցնեմ, մի կերպ այն գտնելուց հետո մենք էլ դուրս եկանք։ Գորիսում մեզ բուժօգնություն ցուցաբերեցին։ Իսկ մի քանի օր առաջ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանեցին հերթական «ասկոլկան»»,- ասում է նա։
Գաբրիելյանների ընտանիքն ապրում է այն հավատով, որ փոքր գյուղի հանդեպ ցեղասպանություն իրականացրած ոճրագործն անպատիժ չի մնալու։ Իրենք շարունակում են ապրել՝ անցյալի հիշողություններով, օրեցօր բազմապատկվող սոցիալական խնդիրները հաղթահարելով։ Իսկ Ժաննա Գաբրիելյանի հուշերում դեռ Սառնաղբյուրի իր աշակերտների խաղաղ օրերի ճիչն է, որ ընդհատվեց սեպտեմբերի 19-ին՝ թշնամու արձակած հրանոթների ձայներից։
Հունան Թադևոսյան