Փաշինյանի «մշտական ծառան»

Փաշինյանի «մշտական ծառան»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանն է, ով անցած շաբաթ դարձավ իշխանության ամենաավտորիտար նախագծերից մեկի հեղինակն ու ներկայացնողը։

Ի՞նչ տեղի ունեցավ

Վանաձորի պոտենցիալ քաղաքապետի կալանավորում, անիմաստ դատական գործընթացներ, ահաբեկումներ․ այս ամենը չօգնեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանի թիմը կարողանա յուրացնել հանրապետության երրորդ քաղաքի ՏԻՄ իշխանությունը։

Ի վերջո, իշխանությունը գնաց օրենսդրական «հեղաշրջման» ճանապարհով։

Տեղի ունեցավ ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ՔՊ նախաձեռնությամբ ընդգրկված էր ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը։

Ահա, իրավական այս բեսպրեդելի հեղինակն է Վահագն Հովակիմյանը։

Նրա ճակատին գրված է «նիկոլական»

Վահագն Հովակիմյանը հոգով նիկոլական է ու կարելի է ասել՝ իր ողջ կենսագրությամբ պարտական է Փաշինյանին։ Առանց բարձրագույն կրթության՝ նա լրագրող է աշխատել Փաշինյանի «Հայկական ժամանակում» ու մշտապես կատարել է նրա «հատուկ հանձնարարությունները»։ Դրանք Հովակիմյանը կատարում է նաև պատգամավորի կարգավիճակով, մանավանդ, երբ խոսքը գնում է ՍԴ-ն «զավթելու», ՏԻՄ-երը հնազանդեցնելու, դատական համակարգը «գլխատելու» հարցերին։ «Կոոպերատիվ» իրավաբանը չի զլանում անել այն, ինչը իրենց մասնագիտական պատվից ցածր կհամարեին ոլորտի բարձրակարգ մասնագետները։

Վահրամ Բագրատյան