Քեմալ Աթաթուրքի՝ Հայաստանի մյուս մասն էլ թրքացնելու ցանկությունն իրականանում է․ Դոլուխանյան

Քեմալ Աթաթուրքի՝ Հայաստանի մյուս մասն էլ թրքացնելու ցանկությունն իրականանում է․ Դոլուխանյան

Հայաստանի իշխանությունների՝ Թուրքիայի աղետի գոտի ուղարկված մարդասիրական օգնությունը միանշանակ չի ընդունվում։ Մարդիկ հիշում են, որ երբ Սպիտակի ավերիչ երկրաշարժը եղավ, մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված ադրբեջանցիներն ու թուրքերը ուրախանում ու շնորհավորում էին։ 

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը MediaHub-ի հետ զրույցում տարակուսում է իշխանությունների որոշումից։ Ասում է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարներն արդեն 4 տարի անընդհատ վիրավորում են մեր ազգին, ընդ որում՝ հրապարակայնորեն։

«Ալիեւը մեզ ասում է՝ «մունդար էրմանի», այսինքն՝ կեղտոտ հայեր, որը պետական գործչի համար անհարիր է։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ ես չեմ հիշում, որ Թուրքիայից կամ Ադրբեջանից օգնություն գար, հակառակը՝ նրանք ուրախ էին այդ ահավոր երկրաշարժից, որտեղ զոհվեցին 25․000 հայ»,-նշում է նա։ 

Հայաստանից Սիրիա ևս օգնություն ուղարկվեց՝ 30 տոննա բեռ։ Սիրիա ուղարկված հումանիտար օգնությանը Դոլուխանյանը դեմ չէ, պատմում է, որ Հալեպի մեր հայրենակիցներն ասել են, թե Բաշար Ալ Ասադը բացառիկ վերաբերմունք ունի հայկական դպրոցների, հայկական եկեղեցու եւ հայերի նկատմամբ․ 

«Սիրիան մեզ բարեկամ երկիր է, եւ ուրախ եմ, որ ուղարկել են»։ 

Մինչ Հայաստանի իշխանություններն իրենց այս քայլը մեկնաբանում են որպես դիվանագիտական ժեստ, Էրդողանը շնորհակալություն է հայտնում միայն Ադրբեջանից մեկնած փրկարարներին, իր խոսքում նշելով, որ եղբայրական պետությանն իրենք էլ աջակցել են ղարաբաղյան պատերազմին։ Փաշինյանն էլ է բազմիցս հայտարարել, որ Թուրքիան է օգնել Ադրբեջանին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ հայ զինվորները կոտորվում են թուրքական արտադրության «բայրաքթարերի» կրակից։ 

Արդյո՞ք սպասելի է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կհրաժարվի հայասպան քաղաքականությունից եւ կընդունի Հայաստանի մեկնած ձեռքը։

«Ես Թուրքիային եւ Ադրբեջանին չեմ հավատում։ Իրենց բարեկամությանը չեմ հավատում։ Այն օրը, երբ նրանք կընդունեն, որ 1915թ․-ին եղել է ցեղասպանություն, ինչպես գերմանացիներն ընդունեցին հրեաների ցեղասպանությունը, այդ օրը կհավատամ։ Ես բոլորվին չեմ ուրախանում, որ այսօր փլատակների տակ թուրքերը ջաղջախվում են»,-նշում է գրականագետը։ 

Դիտարկմանը, թե ինչո՞ւ պետք է Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, երբ հայկական կողմից 2018թ․-ից ի վեր նման պահանջ չկա, արձագանքում է․

«Այն մարդիկ, ովքեր այդ պահանջը քաղաքական օրակարգից դուրս են դնում, հայոց պատմություն չգիտեն։ Ամեն սխալ քաղաքական վարքագիծը ծնում է նոր վատ հետեւանքներ։ Նժդեհն ասում էր՝ ներել թուրքի մեկ սխալը, նշանակում է թույլ տալ նոր սխալներ հայի նկատմամբ»,-նշեց նա։

-Իշխանություններն ասում են՝ հո հավերժ թշնամիներ չենք լինելու, որքա՞ն կարելի է պահանջել :

-Այնքան, մինչեւ այդ պետությունն իր սխալն ընդունի։ Եթե ընդուներ, 44-օրյա պատերազմի ժամանակ չէր օգնի Ադրբեջանին։ Ես իմ ականջով եմ լսել, որ Էրդողանն ասում է՝ Հայաստան գոյություն չունի, Հայաստանը մեր երկիրն է, մեր տարածքում են հայերը, թո՛ղ դատարկեն մեր երկիրը։ 

- Իրատեսակա՞ն եք համարում իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելու օրակարգը։ 

-Երբ ասում եմ՝ իրենք գրքեր չեն կարդում, մեր պատմությունը չգիտեն, հենց այնպես չեմ ասում։ Երբ 1915թ․-ի դեպքերը վերջացան եւ Քեմալ Աթաթուրքը եկավ իշխանության, Արեւմտյան Հայաստանում դեռ 900 հազար հայեր կային։ Նա հայերին 2 օր ժամանակ տվեց, ասելով՝ «միայն ձեր գլուխները վերցրած, ձեր ընտանիքներով դուրս եկեք, կամ դարձեք թուրք»։ 9 հարյուր հազար հայեր թուրք դարձան։ Քեմալ Աթաթուրքը նաեւ ասաց՝ «հետեւողական եմ լինելու Հայաստանի մյուս մասը թուրքացնելու համար»։ Հիմա նրա ասածն է կատարվում։

Լիա Սարգսյան