Տավուշի ճանապարհը հանձնելուց հետո ՀՀ-ն կարող է առանց գազ մնալ․ ո՞րն է այլընտրանքը

Մոտ է այն պահը, երբ Հայաստանը Ադրբեջանին կվերադարձնի, ինչպես պնդում են Փաշինյանն ու ՔՊ-ականները, «իրենց իսկ տարածքները»։
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներում ՀՀ-ն կվերադարձնի Բաքվին այն տարածքները, որոնք մերը չեն. դա, իբր, ըստ Խորհրդային Միության քարտեզների, բայց թե որ քարտեզի, պարզ չէ։
Բուռն քննարկումների և քննադատությունների առարկա է դարձել Ոսկեպարի շրջանը։ Այդ գյուղը, ըստ էության, չեն հանձնելու, սակայն Ադրբեջանի ԶՈՒ-ն այնքան մոտ է տեղակայվելու Փաշինյանի շնորհիվ, որ մարդիկ վտանգի տակ են հայտնվելու։
Հանձնվող տարածքը շատ կարևոր նշանակություն ունի ՀՀ-ի համար։ 2012 թվականից ի վեր Ոսկեպար գյուղի մոտով անցնում է գազատարը։ Այսինքն, երբ ՀՀ իշխանությունները այդ ճանապարհը «վերադարձնեն» Ադրբեջանին, գազատարն հայտնվելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն կհայտնվի այնպիսի վիճակում, ինչպիսին բլոկադայի ժամանակ Արցախն էր հայտնվել՝ թշնամին երբ ուզում էր, փակում էր փականը, և հանրապետությունը մնում էր առանց գազ:
Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս վիճակում, որպեսզի նման սպառնալիքի առաջ չհայտնվի և ի՞նչ այլընտրանք կա այդ գազատարին․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
«Այս խնդրի լուծման հետ կապված պետք է անշուշտ մտածեն և՛ հայկական կողմը, և՛ ռուսական կողմը, մասնավորապես, «Գազպրոմ Արմենիան», որին պատկանում են Հայաստանի տարածքում գտնվող բոլոր գազափոխադրման ենթակառուցվածքները, այդ թվում՝ այդ հատվածի գազատարները։ Իրանական գազատարը, որ ունենք, չի կարող բավականացնել կամ բավարարել մեր ամբողջ պահանջարկը»,- ասաց Պարսյանը։
Տնտեսագետը պարզաբանեց՝ մինչև Խորհրդային Միության փլուզումը ՀՀ-ն ստանում էր գազ Ադրբեջանի տարածքով, և շատ անգամ այդ գազատարը պայթեցվում էր։ Եվ դրա արդյունքում Հայաստանի գազամատակարարումը դադարեցվեց 1991 թվականին, և հետագայում նոր գազատարի շնորհիվ է, որը կառուցվեց և անցնում է այդ ճանապարհով, Հայաստանը ստանում երկիր մատակարարվող գազի 87,5%-ը։
«Պետք է այլընտրանքային գազատար կառուցեն կամ կոնկրետ երաշխիքներ ստանան ադրբեջանական կողմից այդ գազատարի անցկացման հետ կապված։ Ռուսական կողմի վրա է դրված գազի փոխադրման պարտավորությունը, բայց «Գազպրոմ Արմենիան» այստեղ թիվ 1 շահագրգիռ կողմն է»,- ասաց նա։
Սակայն նա համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ Ադրբեջանի երաշխիքի հույսին ՀՀ-ն չի կարող մնալ։ Այդ դեպքում ո՞րը կարող է դիտարկվել որպես ամենահարմար այլընտրանք։
Տնտեսագետը նշեց, որ, օրինակ, Լոռիով անցնող նոր գազատար կառուցելը շատ մեծ ծախսեր կպահանջի.։
«Գազատարն անցնում է Վրաստանով և Ոսկեպարի այդ հատվածում խաչվում է, այսպես ասած՝ մտնում, դուրս է գալիս։ Պետք է մինիմալ ծախսի տարբերակը գտնել, որն, ըստ երևույթին, ոչ շատ հեռավորության վրա նորը կառուցելն է»,- նշեց Պարսյանը։
Եզրափակելով՝ տնտեսագետն ասաց, որ Ադրբեջանը պարբերաբար փորձեր արել է դեպի Հայաստան գազափոխադրման համակարգի նկատմամբ որոշակի վերահսկողություն հաստատել։
Հիմա, ցավոք, նա կհասնի այդ նպատակին:
Այսպիսով, հնարավոր զարգացումներին զուգահեռ ՀՀ կառավարությունը կա՛մ պետք է նոր գազատարի մասին սկսի մտածել, կա՛մ երաշխիք ստանա Ադրբեջանից մեր գազատարի մասով, որպեսզի հանրապետությունն ապահովագրի պայթյուններից կամ առանց գազ մնալուց։
Մարիաննա Արամյան