Ազատման դիմումս պատրաստ է․ Մաքենիսի դպրոցի միակ դասվարը հեռանում է

Շատ մեծ ցավ եմ ապրում. 30 տարի աշխատում եմ Մաքենիսի դպրոցում, բայց այսօր ազատման դիմումս եմ պատրաստել, քանզի մի քանի խամաճիկների պատճառով դպրոցի տնօրենի ընտրությունը չի կայանում։ Այս մասին ասաց Մաքենիսի դպրոցի միակ դասվար Ալիսա Մխիթարյանը։ 

«Շատ վրդովված եմ այս ամենից, այս մեկ տարվա քաշքշուկից։ Խամաճիկների պատճառով դպրոցի ամբողջ առօրեան, ամբողջ դասապրոցեսը մի կողմ է դրվել»,-ասաց Մխիթարյանը։ 

Դասվարը խոսեց նաև դպրոցի երկարամյա տնօրեն և տնօրենի միակ թեկնածու Ադամ Մխիթարյանի, ինչպես նաև նրա ընտանիքի մասին, մատնանշելով նրանց նվիրվածությունն ու հայրենասիրությունը գյուղի ու դպրոցի նկատմամբ։

«Ասեմ, որ ես ամառվա երկու-երեք ամիսը աշխատել եմ քաղաքում 300 հազար դրամով, ոչ թե 70 կամ 80 հազար դրամով, ու իմ երեխաների աչքերի մեջ պարզ նայելու համար ես նորից հետ եմ վերադարձել, որպեսզի կրթեմ և դաստիարակեմ իմ երեխաներին»,-ընդգծեց Ալիսա Մխիթարյանը։

Նշենք, որ այսօր սահմանամերձ Մաքենիս գյուղում արդեն 14-րդ անգամ տապալվեց տնօրենի ընտրությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։