Մեքենան տապալել է էլեկտրասյունը և կողաշրջվել, ամուսիններն ու 3 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Մեքենան տապալել է էլեկտրասյունը և կողաշրջվել, ամուսիններն ու 3 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 07։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս,  Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, ապա առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը։ Բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ 5 հոգի, որից 3-ը երեխաներ են, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգու տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

 Բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է, ավտոմեքենայում էլ հրդեհ է բռնկվել։

Էլեկտրասյան տապալման հետևանքով Մարմարաշեն գյուղի և մայրուղուն հարակից մեծ թվով գազալցակայաններ և սեփական տներ հոսանքազրկվել են։

Ոստիկանոթյունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են և նրանց 3 երեխաները, ովքեր բնակվում են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։  Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քաղաքացիների օգնությամբ մանիպուլյատորով դարձի բերվեց և քարշակով տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։