Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Ապրիլի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Ս․ Հարության ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Պատարագիչը Տ․ Շահե քահանա Հայրապետյանն էր։

Հընթացս Սուրբ Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորրդ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը Նավասարդ Սրբազանին, որում ասվում է․

«Սիրելի՛ Սրբազան,

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց» բերկրալի ավետիսով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները Ձեզ Տիրախնամ թեմիդ հոգեւոր դասին, թեմական ու ծխական խորհուրդների պատվարժան անդամներին եւ հավատավոր Մեր բոլոր զավակներին։

Փրկչի Սուրբ Հարության տոնը դիմավորում ենք մի շրջանում, երբ մարդկությունն ալեկոծվում է հակամարտությունների, թշնամանքի, պատերազմական ու ահաբեկչական արհավիրքների ծանր փորձությունների մեջ։

Փորձությունների միջով է անցնում մեր Հայրենիքը, որը 44-օրյա պատերազմից հետո շարունակում է դիմակայել Ադրբեջանի չդադարող ոտնձգություններին։ Արդեն չորրորդ ամիսն է, որ արգելափակված է Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքը, եւ արցախցի մեր հայրենակիցները, ամուր կառչած իրենց հողին, հերոսաբար պայքարում են հանուն ազատ ու անվտանգ կյանքի իրավունքի պաշտպանության։

Տագնապների ու խոր մտահոգությունների ցավալի իրողությունների հանդիման Տիրոջ Սուրբ Հարության Ավետիսը մխիթարության, հույսի ու հավատի շնորհներով է համակում սրտերը աստվածասեր մեր ժողովրդի զավակների։ Փրկչի Սուրբ Հարության նկատմամբ հավատքը եղել եւ շարունակում է լինել երաշխիքը մեր ժողովրդի հարատեւության, գրավականը՝ վտանգների ու սպառնալիքների առջեւ աներկչոտության եւ հիմնասյունը ազգային արժանապատվության ու ինքնության։   

Քրիստոսի Հարության հրաշափառ տոնին մեր աղոթքն է, որ Հարուցյալ Տերը զորակցի ազգերին ու ժողովուրդներին՝ հաղթահարելու մարտահրավերները, խորտակելու պատնեշները թշնամության ու ատելության եւ ընթանալու համերաշխության ու գործակցության ճանապարհով։

Շնորհառատ այս օրը Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջեւ Հայրապետիս հայցն է, որ Փրկիչ մեր Տերը զորավիգ լինի Ձեզ եւ թեմիդ բարեջան հոգեւոր դասին, տերունապատվեր առաքելության մեջ եւ ամենակեցույց Իր Սուրբ Հարության լույսով ամրացնի ոգին, նորոգի հույսն ու հավատքը մեր ժողովրդի զավակների ի խնդիր հայոց անկախ պետականության անսասանության, համայն մեր ժողովրդի բարօրության եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու պայծառության։

«Քրիստոս Յարեաւ ի մեռելոց։ Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։

Սուրբ Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանը հավատավոր ժողովրդին փոխանցեց Հարության Ավետիսն ու <<Պահպանիչ>> աղոթքով արձակեց ներկաներին։ Սրբազան հայրն իր օրհնությունը բերեց նաեւ թեմի երիտասարդներին ու բոլոր նրանց, ովքեր պիտի մասնակցեին Կանթեղներով երթին։

Հավարտ Ս. Պատարագի Նավասարդ Սրբազանի նախագահությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կատարվեց Տնօրհնեքի կարգ: Այնուհետև «Վարք հայոց» ազգագրական երգի-պարի խմբի ելույթով ամփոփվեց տոնական երեկոն: Հավատացյալները Նավասարդ Սրբազանին շնորհավորեցին տոնի առթիվ՝ ստանալով Սրբազան Հոր օրհնությունն ու բարեմաղթանքները: