Գնում ենք, սար ա, ասում ենք՝ երեխեք, էս Արտաշատ մայրաքաղաքն ա․ Փաշինյան
ՀՀ կառավարության նիստի ընթացքում այսօր քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին հարցը։
Ըստ նախագծի՝ պետք է 196,975.5 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին` տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գործը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գրեթե բոլոր արգելոցների մոտ բացակայում է սանհանգույցը, և այլ խնդիրներ կան։ Վերջինս նշեց, որ սկսել են Արտաշատից։
«Մոդուլային կենտրոնն ենք նախագծել, բավականին հետաքրքիր է ստացվելու։ Այն ունի տոմսերի վաճառքի հատված, սանհանգույցներ, փոքրիկ սրճարան է գործելու, նաև հուշանվերների վաճառքի կետ։ Հուսով ենք, որ այն առաջիկայում կտեղադրվի մեր բոլոր արգելոցներում: Սկսել ենք Արտաշատից, Լոռի բերդում ենք ուզում տեղադրել, նաև Բջնիում»,- նշեց Անդրեասյանը։
Փաշինյանը տեղեկացրեց, որ ամիսներ առաջ է Արտաշատ այցելել։
«Խնդիրն այն է, որ Արտաշատ պատմական մայրաքաղաքի պահպանված, տեսանելի հատվածը գտնվում է փշալարերից էն կողմ, ինձ համար հարց է, թե ինչու քաղաքացիները հասանելիություն չունեն մայրաքաղաքին։ Մենք երեխաներին էքսկուրսիա ենք տանում Արտաշատ պատմական մայրաքաղաք, էնտեղ, ըստ էության, ոչ մի բան չկա, գնում ենք, սար ա, ասում ենք՝ «երեխեք, էս Արտաշատ մայրաքաղաքն ա, յոթ բլուրներից մեկն ա, բայց փշալարերից էն կողմ շատ պահպանված շինություններ կան»»։
Մանրամասները՝ տեսանյութում