Գասպարյանի անցանկալի պատասխանը, Խաչատուրովին կարված գործը, մերժված Թորոսյանն ու Կոնջորյանը․ Մամուլը՝ սուրճով

Գասպարյանի անցանկալի պատասխանը, Խաչատուրովին կարված գործը, մերժված Թորոսյանն ու Կոնջորյանը․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատկապես վերջին շրջանում ՔՊ խմբակցությունը դե ֆակտո ղեկավարում է Արթուր Հովհաննիսյանը, իսկ Հայկ Կոնջորյանն ընդամենը ֆրակցիայի դե յուրե ղեկավարան է: Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում: Եվ այդ առիթից օգտվելով՝ Հովհաննիսյանը կարողացել է այս ընթացքում ՔՊ-ականներին իր ազդեցությունը թելադրել՝ Կառավարության իր «փոստատար» կարգավիճակով: Բանն այն է, որ իշխանական պատգամավորներն իրենց քայլերը քննարկում են Հովհաննիսյանի հետ, քանի որ նա է կառավարության աշխատակազմի և ԱԺ-ի կապը դարձել: Հովհաննիսյանն անգամ հավակնում է ֆրակցիայի ղեկավարի պաշտոնին՝ օգտվելով ստեղծված իրավիճակից:

Կստացվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ Արթուր Հովհաննիսյանն այս ուղղությամբ ջանքեր է գործադրում, փաստ է:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արթուր Հովհաննիսյանը նախկինում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կոռուպցիոն վերջին սկանդալային բացահայտումներից հետո ՔՊ-ականները երես են թեքել իրենց թիմակցից՝ Արսեն Թորոսյանից, ում պաշտոնավարման օրոք էլ կորոնավիրուսի դեմ պայքարի քողի ներքո գումարներ են մսխվել պետբյուջեից:

Բանն այն է, որ իր նախկին տեղակալի՝ Գեւորգ Սիմոնյանի եւ նույն գործով մյուս աղմկոտ ձերբակալություններից հետո Արսեն Թորոսյանը տարբեր պատրվակներով հանդիպումներ է փնտրել թիմակիցների հետ, զրուցել է նրանց հետ, որպեսզի նախ թիմակիցների տրամադրությունները ստուգի, հասկանա՝ ինչպես են տրամադրված իր նկատմամբ, բացի դա, փորձել է նրանց սիրտը շահել, տարբեր արդարացումներ բերել, որպեսզի մեղադրանքների սլաքներն իր ուղղությամբ չգան:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, թիմակիցներին սիրաշահելու Թորոսյանի այս փորձերն ապարդյուն են անցել, ավելին՝ տեղեկացանք, որ ՔՊ-ականները շատ բացասական են տրամադրված Թորոսյանի նկատմամբ, միեւնույն ժամանակ զգուշավոր են նրա հետ, քանի որ չեն կարողանում հասկանալ՝ ի վերջո, Փաշինյանը մինչեւ ուր է պատրաստ գնալ, արդյոք թույլ կտա, որ բանը հասնի այն կետին, որ Թորոսյանին պատգամավորական մանդատից, անձեռնմխելիությոնից զրկեն եւ կալանավորեն:
Տեղեկացանք, որ աղմկոտ ձերբակալություններին հաջորդող մի քանի օրերին Թորոսյանը շատ անտրամադիր է եղել, վախվորած, բայց, ըստ մեր աղբյուրների, վերջին մի քանի օրերին Թորոսյանի տրամադրությունն ակնհայտ բարձր է: Թիմակիցները չեն կարողանում հասկանալ՝ որն է Թորոսյանի այդչափ բարձր տրամադրության պատճառը: ՔՊ-ում կարծում են, որ Թորոսյանին, ի վերջո, հաջողվել է ինչ-որ շրջանակների համոզել, որ ինքը որեւէ մասնակցություն չի ունեցել այդ չարաշահումների մեջ, վստահեցրել, որ կարող են իրեն էլ հարցաքննել եւ տեսնել, որ ինքը «մաքուր է»։

ՔՊ-ում ոչինչ չեն բացառում, քանի որ Փաշինյանն իր թիմակիցների հետ բաց չի խոսում, մտերիմներ թիմում չունի, ուստի նրանից հասկանալի չէ՝ ինչ որոշում ունի նա՝ Թորոսյանի հետ կապված:
ՔՊ-ականներն էլ, կարելի է ասել, լուռ հետեւողների դերում են, չեզոք հարաբերություններ են պահպանում Թորոսյանի հետ, մինչեւ տեսնեն՝ Նիկոլ Փաշինյանն ինչ որոշում կկայացնի։
Մի բան հստակ է. ՔՊ-ականների մեծ մասի սրտով է Արսեն Թորոսյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ թե՛ նախարար, թե՛ վարչապետի աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ Թորոսյանը չոր ու կոպիտ է եղել իր թիմակիցներից շատերի հետ, անգամ չի էլ ցանկացել հանդիպել նրանց՝ արգելափակելով նրանց հանդիպումները Փաշինյանի հետ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրված ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին ՔՊ-ականները որեւէ քաղաքական հարց չեն տվել, թե, օրինակ, ինչու նա պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Փոխարենը ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը, իսկ արդեն հարցուպատասխանի ռեժիմի ժամանակ տվել են որոշ հարցեր՝ պատերազմի հետ կապված, թե ում մեղքն էր, որ պարտվեցինք այս կամ այն տարածքում եւ այլն:

Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Օնիկ Գասպարյանին հարց է տրվել Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին. «Մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետեւ մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում»: Այսինքն՝ խոսքը դրսի դրդամբ ներքին խարդավանքների մասին է: ՔՊ-ականները ցանկալի պատասխան չեն լսել: Հավելենք, որ հաջորդը ԱԺ հանձնաժողով կգա ԳՇ նախկին պետ, մեղադրյալի աթոռին հայտնված Արտակ Դավթյանը»:

«Փաստ» օրաթերթը գրում է․

Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին հաջորդեց նրանց մամուլի ասուլիսը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել, այլ կազմակերպվել է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված։

ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, Միրզոյանը Մոսկվա է մեկնել, որպեսզի որոշակիորեն մեղմի հայ-ռուսական հարաբերություններում կուտակված ու գնալով մեծացող լարվածությունը, որ ստեղծվել է ՀՀ իշխանությունների դրևսորած «հետևողական» վարքագծով (ՀԱՊԿ զորավարժություններից, ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի պաշտոնից, դեկտեմբերին նախատեսված եռակողմ հանդիպումից հրաժարում, ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայում, Ռուսաստանի հասցեին կոշտ մեղադրանքներ և այլն)։

Պաշտոնական հաղորդագրությամբ, անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական հարաբերություններին, Լաչինի միջանցքի խնդրին և մի շարք այլ կարևոր հարցերի: Ի մասնավորի, Արարատ Միրզոյանը շեշտել է, որ «պրակտիկայում չկա եռակողմ հայտարարության որևէ դրույթ, որը Բաքուն խախտած չլինի»։ Նա նաև նշել է, թե այս տեսանկյունից Հայաստանն «ակնկալում է, որ դաշնակիցները ակտիվ քայլեր կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանը կատարի ստանձնած պարտավորությունները և վերջ տա ուժի կիրառմանը»։

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Միրզոյանը ներկայացրել է նաև, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի»՝ Ադրբեջանի կողմից ներկայացված փաթեթը, ինչպես նաև Հայաստանի առաջարկները՝ ցանկանալով տեղում ռուսների տրամադրությունները հասկանալ։

«Հրապարակ» թերթը գրում է.

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանն  ու նույն գործով մյուս մեղադրյալ Էդգար Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանը երեկ հայտարարեցին, որ Խաչատուրովին առաջադրված մեղադրանքի քննությունն ընթանում է ուղղորդված։ Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։ Ըստ մեղադրանքի՝ ՊՆ ենթակայության տակ գտնվող տարածքը վաճառվել է ապօրինի, դրա իրական տերը Գրիգորի Խաչատուրովն է, սակայն գնորդը նրա մտերիմ Էդգար Արշակյանն է։

Փաստաբանները նախ միֆ եւ կեղծիք համարեցին այն պնդումները, թե տարածքը զորամաս է եղել։ Նրանց կարծիքով՝ դատախազն ու ՔՊ-ականներն այդ տարածքը զորամաս են անվանել, որովհետեւ հասարակական ընկալումներում զորամաս վաճառելն ու գնելն ավելի սուր են ընկալվում, դատապարտելի համարվում: Ըստ պաշտպանների՝ այդ տարածքն ու դրա վրա գտնվող շինությունները ՀՀ պատմության մեջ երբեւէ որպես զորամաս չեն օգտագործվել։ «Գլխավոր դատախազը մի քանի անգամ պնդում է, որ օտարվել է զորամաս։ Ես ինձ հետ բերել եմ Էդգար Արշակյանի անվամբ սեփականության վկայականի պատճենը, որտեղ նկարագրված է, թե ինչ շենք-շինություններ կան, եւ պարզվում է, որ որեւէ զորանոց, այսինքն՝ զինվորների քնելու կացարան չկա։ Այդ շինությունները զորամաս անվանել՝ նույնիսկ ամենավառ երեւակայության դեպքում չի կարելի, որովհետեւ չի եղել սա զորամաս... այստեղ կա շտաբ, կա ՊՆ-ին ամրակցված տարածք, որը ՊՆ-ն որոշել է վաճառել։ Գրիգորի Խաչատուրովն այս որոշման հետ, թե ում վաճառեն եւ այլն, որեւէ առնչություն չի ունեցել»,- ասաց Պողոսյանը։

Հաջորդ միֆը, ըստ փաստաբանների այն է, որ Խաչատուրովն այդ գույքի գրավադրումից 18 մլն դրամ է ստացել․ «Տեսեք` ինչ է տեղի ունեցել, 2016 թ. օգոստոսի 12-ին, երբ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, առաջացել էր Վանաձոր քաղաքում բնակվելու անհրաժեշտություն, նա Վանաձորում ընդամենը 24 հազար դոլարանոց բնակարան ձեռք բերելու համար դիմել է բանկին, որպեսզի վարկ ստանա։ Եվ դրա համար գրավադրել է այդ ձեռքբերվելիք բնակարանը, բանկը տրամադրել է 18 մլն 424 հազար դրամի վարկային գիծ, որից օգտագործվել է ընդամենը 24 հազար դոլարը՝ 12 մլն 852 հազար դրամը, ինչն անմիջապես փոխանցվել է վաճառողին՝ որպես բնակարանի ձեռքբերման արժեք։ Անշարժ գույքի ձեռքբերման այս հիպոթեքային պայմանագիրը վարույթն իրականացնող մարմինն ու տիկին Վարդապետյանը փետրվարի 7-ին իրենց տրամադրության տակ ունեցել են ու պատգամավորների հարցերին պատասխանելիս հերիք չէ, որ անամոթաբար նշում են, որ 18 մլն-ի չափով է եղել վարկը, որը զորամասը վերածել են գումարի, մի հատ էլ պատասխանելով հարցին, ասում է՝ այդ ուղղությամբ քննությունը դեռ չենք արել, չգիտենք, թե ուր է գնացել այդ գումարը։ Այս պայմանագրում հստակ երեւում է, որ 18 մլն դրամ ընդհանրապես չի ստացվել, ստացվել է 12 մլն 852 հազար դրամ, ընդ որում՝ այդ գումարը Գրիգորի Խաչատուրովը ոչ թե իր ձեռքի տակ է ունեցել, այլ իր բնակարանի գրավադրմամբ ստացել ու անմիջապես փոխանցել է վաճառողին։ Հիմա այս փաստն ունենալով ո՞նց են իրենց թույլ տալիս, որ գնում ԱԺ-ում հայտարարում են, որ 18 մլն-ի ճակատագիրն իրենց պարզ չէ»:

Հետագայում Խաչատուրովը վաճառել է Վանաձորի բնակարանը, իր վարկային պարտավորությունները կատարել եւ հողատարածքը գրավադրումից հանել։ Պաշտպանները պնդում են, որ փողերի լվացման մեղադրանքն անհեթեթություն է։ Պաշտպանների կարծիքով՝ այս քրեական հետապնդումը թուրքի նկատմամբ հաղթանակ տարածների հանդեպ իշխանությունների գենետիկ ատելությունն է։