Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրը չի պղծվել․ 53 աճյունի արտաշիրման հարցն օրակարգում է

«Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր-պանթեոնը չի քանդվել։ Ադրբեջանի մի քանի լրատվականներ անդրադարձել են, արդեն երրորդ անգամ են այս թեման արծարծում՝ հղում կատարելով արբանյակային լուսանկարներին, բայց մենք էլ ենք նայել, ամեն ինչ տեղում է։ Իհարկե՛, մեկ տարուց ավելի է ոչ ոք չի այցելում գերեզմաններ, պարզ է, որ անխնամ վիճակ է այնտեղ, բայց ո՛չ 2020 թվականի շիրմաքարերն են քանդել, ո՛չ 2023 թվականի սեպտեմբերյան մարտերի գերեզմանները, որոնք տապանաքար չունեն»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց նախորդ տարվա սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված պայմանագրային զինծառայող Վիտալի Սիմոնյանի այրին՝ Լիանան։
Նրա խոսքով՝ վերջին պատերազմում զոհված ու Արցախում հուղարկավորված շուրջ 53 աճյունի արտաշիրման հարցը թեպետ ձգձգվում է, բայց դեռևս բանակցությունները շարունակվում են։ Հույսը չեն կորցնում, որ արտաշիրման հարցը կլուծվի, և իրենց հարազատները վերջնական հանգրվան կգտնեն Հայաստանում։
«Մենք այրիներով ու անհետ կորածների հարազատներով ընդհանուր չատ ունենք, որտեղ փոխանակվում ենք մեր մտքերով ու կարծիքներով։ Մշտապես կապի մեջ ենք արտաշիրման հարցերով զբաղվող Սերգեյ Մարտիրոսյանի հետ։ Չգիտենք՝ կստացվի՞, թե՞ ոչ, ամեն դեպքում ասում են՝ «դեռ հույս կա»։ Չի բացառվում, այո՛, որ կարող են պղծել, քանդել, բայց այս պահի դրությամբ՝ դեռ ամեն ինչ տեղում է»։
Այս հարցով Սերգեյ Մարտիրոսյանը MediaHub-ին ասաց. «Վերջին պատերազմում զոհված զինծառայողների աճյունների տեղափոխման հարցով բանակցությունները շարունակվում են, այլ բան մեկնաբանել չեմ կարող»։
Ըստ ամենայնի՝ այդ աշխատանքը դժվարանում է նրանով, որ 53 հուղարկավորումների մի մասն է միայն Ստեփանակերտում, մեծ մասը հուղարկավորվել են շրջաններում։ Մարտիրոսյանը նաև ասաց, որ բանակցում են զինծառայողների աճյունների տեղափոխման մասով, քաղաքացիական անձանց մասով՝ ոչ։
Հունան Թադևոսյան