Նիկոլը թքած ունի բոլորի վրա, կարևորը աթոռն է, ու իր իշխանության վերարտադրությունը

«Պարզից էլ պարզ երևում է, որ Ադրբեջանը էսկալացիայի հող է պատրաստում։ Դրա համար միայն լավ առիթ է պետք։ Մենք Կանադայից հետևում ենք զարգացումներին ու այսօր աչքովս ընկավ մի նամակագրության սքրինշոթ, որտեղ խոսք կար, թե Ադրբեջանում նախագահի հրահանգով ինչ որ մի սահմանային ողբերգական իրադարձություն պետք է ստեղծեն, 10-14 զինվորական ու ոստիկան զոհեն, որը, որպես հայերի կողմից կազմակերպված հրադադարի ռեժիմի խախտում՝ կներկայացնեն աշխարհին, ու կսկսեն իրենց սև գործը, իբր պաշտպանվելու պատրվակով»,-MediaHub-ի հետ զրույցում իր մտահոգությունն է կիսում կանադահայ հասարակական գործիչ, վերլուծաբան Հովհաննես Այնթափլեանը՝ անդրադառնալով վերջին օրերին զարգացումներին:
Այնթափլեանը հիշեցնում է՝ նույն սցենարը կիրառվել է Խոջալուի հայտնի դեպքերի, ինչպես նաև Արցախի վերջին՝ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։ Իբր Արցախի բանակի կողմից ականապատված դաշտում ադրբեջանցի զինվորականներ են զոհվել, հետո սկսվել է այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունը՝ հայերի նկատմամբ էթնիկ զտման գործողություններով։
«Պատերազմն անխուսափելի է, քանի որ այսքան հաղթանակներից հետո Բաքուն ու Անկարան դեռևս չեն հասել իրենց գերագույն նպատակին․ «Մեծ Թուրանի» նախագծին խանգարում է Սյունիքը»,- շեշտեց նա։
Զուգահեռ իրականությունում Հայաստանի իշխանությունները շարունակում են մեղավորներ փնտրել 44-օրյա պատերազմում տանուլ տալու, Արցախը հայաթափելու, Հայաստանի՝ առ այսօր պետական սահմանին առնչվող կադաստրային թուղթ չունենալու, միակողմանի զիջումների, խաղաղության ձախողված պայմանագրի վերաբերյալ։ Վերլուծաբանը կարծում է, որ եթե իր բոլոր ձախողումներում նախկինում Փաշինյանը հաջողում էր մեղադրել իրեն նախորդած ղեկավարներին, ապա այժմ դրանք նոր հասցե ունեն, սլաքներն ուղղվում են Բաքվում պահվող հայ ռազմագերիների ուղղությամբ։
«Փաշինյանն էլ, մյուս երկրների առաջնորդներն էլ գիտեն, որ գերության մեջ պահվող անձանց ցուցմունքները չեն կարող ծառայել Հայաստանի հանդեպ ոչ մի մեղադրանքի: Չի կարող որևէ պատանդի ցուցմունք կամ արտահայտած միտք հիմք դառնալ որևէ դատարանի համար, ծառայել որևէ իրավական գործընթացի, ինչը, ցավոք, գործող իշխանություններին ձեռք չի տալիս։ Նիկոլը թքած ունի բոլորի վրա, կարևորը աթոռն է ու իր իշխանության վերարտադրությունը»,-հավելեց նա։
Հունան Թադևոսյան