Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆ

Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆ

Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Այս մասին  «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

- Արդյո՞ք Երևանը դիմել է Մոսկվային բենզին և դիզվառելիք անհատույց մատակարարելու խնդրանքով:

- Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Համաձայն 2013թ.-ին կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ: Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի՝ Ռուսաստանը սկսել է հանրապետությանը անհրաժեշտ նավթամթերքի մատակարարումը։