ՌԴ անվտանգային անձրևանոցը փոխարինվում է Թուրքիայի «անվտանգային» անձրևանոցով

ՌԴ անվտանգային անձրևանոցը փոխարինվում է Թուրքիայի «անվտանգային» անձրևանոցով

Տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները քննարկում են ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարները, լարված պահում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։ Եվ ահա իշխանությունների համար լավ հնարավորություն՝ մարտի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Հայաստան։ Մինչ այդ տարածաշրջանային այցի շրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այցելել է Ադրբեջան և Վրաստան։

Օրվա հարցն է՝ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, արդյո՞ք մեր երկրի անվտանգության երաշխավորողը կդառնա ՆԱՏՕ-ն, թե՞ դրա մասին կարող են միայն «երազել» ՀՀ իշխանությունները․ այս մասին MediaHub-ը զրուցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

«Այս այցը թեպետ տարածաշրջանային է, սակայն մեսիջ պարունակող է։ Ես կարծում եմ, որ Արևմուտքը հիմա ՀՀ իշխանություններից պահանջում է, որ Հայաստանի իշխանությունները իրենց պատկերացրած խիզախ քայլն անեն և հայտարարեն, որ ՀԱՊԿ-ից դուրս են գալիս։ Հարց է առաջանում. ասենք ՀԱՊԿ-ից դուրս են գալիս, ի՞նչ կստանան դրա փոխարեն։ Հիմա դե յուրե ՀԱՊԿ անդամ երկիր գալիս է ՆԱՏՕ-ի ղեկավարը, որ բոլորը, իբր, հասկանան, որ այ հենց ՀԱՊԿ-ը այստեղից գնա, մյուս օրը ՆԱՏՕ-ն գալու է և դառնա մեր անվտանգության երաշխավորող։ Բայց դա նույնն է, որ կենդանի ամուսնու առկայության պարագայում սիրեկանին տուն բերեց»,- ասաց Հակոբյանը։

Ըստ քաղտեխնոլոգի՝ երբ ասում են, որ ՆԱՏՕ-ն կարող է այլընտրանք լինել ՀԱՊԿ-ին, բոլորովին էլ այնպես չէ, որ ՀԱՊԿ-ն էր մեր անվտանգային համակարգի հիմքը։ ՀԱՊԿ-ից դուրս գալը նշանակում է խզել ՌԴ-ի հետ անվտանգային բոլոր պայմանավորվածությունները, բայց եթե ինչ-որ մեկը ՀՀ անվտանգությունը պիտի երաշխավորեր կամ երաշխավորել է, դա Ռուսաստանն է եղել: Այնպես որ, ըստ Հակոբյանի, խնդիրը ՀԱՊԿ-ը չի։

«Այս ամենը ցույց է տալիս, թե մենք կարող ենք, իբր, ռուսաստանյան անձրևանոցը փոխարինենք, սակայն ինչքան ՀԱՊԿ-ն էր մեր երաշխավորողը, այդքան էլ ՆԱՏՕ-ն կլինի։ ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ներկայացված է Թուրքիայի տեսքով։ Եթե ասում ենք, որ ՀԱՊԿ-ին փոխարինման է գալիս ՆԱՏՕ-ի անվտանգային համակարգը, ըստ տրամաբանության  պետք է ասենք, որ ՌԴ-ի անվտանգային անձրևանոցը փոխարինվում է Թուրքիայի անվտանգային անձրևանոցով։ Բայց Թուրքիան ինչքանո՞վ մեր անվտանգությունը կարող է ապահովել, կարծես Թուրքիան չէ մեր թիվ մեկ վտանգը»,- ասաց Հակոբյանը։ 

Իսկ հարցին, որ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, արդյո՞ք կարող է մնալ ԵԱՏՄ-ում, քանզի ՀՀ իշխանությունները ևս գոհունակությամբ նշում են այն օգուտների մասին, որ մեր երկրին տալիս է այդ անդամակցությունը, Հակոբյանը նշեց՝  լավ է հնչում, որ «ՀԱՊԿ-ը մեզ ձեռք չի տալիս, բայց ԵԱՏՄ-ն ձեռք է տալիս», սակայն արդյո՞ք ՌԴ-ն  կուզենա:

«Եթե ՀՀ -ն ՌԴ անվտանգության համակարգից հեռանա, մեզ կհեռացնեն նաև ԵԱՏՄ-ից, քանի որ որևէ մեկը չի ցանկանա ուժեղացնել, ըստ էության, հակառակորդ ճամբարում գտնվող միավորին, նույնիսկ այնպիսի փոքր և իմունիտետ չունեցող, ինչպիսին Հայաստանն է։ Այդ դեպքում հանուն ինչի՞ պահեն։ Սակայն, չեմ կարծում, որ գործընթացը այսպիսի զարգացումների կհասնի, քանի որ ամեն ինչ կարելի է հայտարարել, բայց դժվար եմ պատկերացնում, որ այսօրվա իշխանությունը ի վիճակի լինի ՌԴ-ի բազան այստեղից հանել, մի հատ տեսնենք օգոստոսի 1-ից սահմանապահները դուրս կգա՞ն (Զվարթնոց օդանավակայանից – խմբ.)։ Այդքան շատ խոսում են ԵՄ մասով, բայց միաժամանակ ԱԳՆ տեղակալն ասում է, որ վիզաների ազատականացման գործում հետնթաց կա»,- եզրափակեց Հակոբյանը։

Նշենք, որ հայ-ռուսական հարաբերությունները վատ ժամանակներ են ապրում այսօր, ՀՀ իշխանությունները հակառուսական, երբեմն նաև թշնամական թեզեր և հայտարարություններ են հնչեցնում, սակայն հստակ չեն հայտարարում, թե ո՞րն է ՌԴ-ի այլընտրանքը: Ի վերջո, մյուս կողմում, որին ակնարկում են իշխանությունները, Թուրքիան է՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, իսկ նույնիսկ ամենավատ երազում դժվար է պատկերացնել, թե ինչպես է Թուրքիան երաշխավորելու ՀՀ անվտանգությունը:  

Մարիաննա Արամյան