ՊԵԿ-ից «կաշառք են առաջարկել», որ շենքը լքենք․ Պռոշյանի ՊՆ նախկին շենքի բնակիչ

Երկու տարի առաջ մենք կառավարությանը նամակ ենք ուղարկել՝ մարզպետարանի միջնորդությամբ, բայց քսան օր առաջ պարզվեց, որ այդ նամակը չի հասել կառավարություն։

MediaHub.am-ի հետ զրույցում ասաց  Պռոշյանի ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։ 

Նրա խոսքով՝ իրենք այդ նամակում գրել են, որ պատրաստվում են բարերարների միջոցով դպրոց ու մանկապարտեզ կառուցել տարածքում, որ երեխաները կարողանան հաճախել։

«Ես լսել էի, որ այստեղ բնակվողներ կան, թալան է տեղի ունենում, ես էլ իմ հերթին եկա, որ տեր կանգնեմ տարածքին, պահեմ-պահպանեմ։ Բավականին երկար ժամանակով վարձով էի ապրում, իմացա, որ տուն կա, եկա, վերանորոգեցի, ապրեցի»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա տեղեկացրեց, որ կարիքավոր ընտանիքներն են տեղյակ պահել, որ ազատ տներ կան։

«Հայաստանի տարբեր մարզերից կարիքավոր ընտանիքները եկել, բնակվում են այստեղ, Պռոշյանից բացարձակ ոչ ոք չկա այս շենքում ապրող։ Բոլորը սոցիալապես անապահով ընտանիքներ են»,- նշեց նա։

Քաղաքացու խոսքով՝ նախկին մարզպետը համայնքապետին հանձնարարել էր զբաղվել իրենց հարցով։

«Հիմա առանց մեզ տեղյակ պահելու եկել, հոսանքն անջատել են, ու մոտավորապես 150 ընտանիք առանց հոսանք ապրում է։ Մենք հիմա խնդրում ենք, որ մեզ տրամադրեն հոսանք, մենք ունենանք հաշվիչ, ամենքս մեր վառածի համար մուծենք»,- նշեց նա։

Շենքի բնակիչը տեղեկացրեց, որ իրենց անգամ ՊԵԿ-ից «կաշառք են առաջարկել», որ ինչ-որ գումարի դիմաց իրենք դուրս գան տներից։

Մանրամասները՝ տեսանյութում։