Պատմության այս օրը․ Աղջիկ երեխաների միջազգային օր

MediaHub.am-ը շարունակում է իր հետևորդներին ներկայացնել յուրաքանչյուր օրվա խորհուրդն ու նշանակությունն աշխարհում։
Հոկտեմբերի 11-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է Աղջիկ երեխաների Միջազգային օր: Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը գրավել դեպի աղջիկ երեխաների խնդիրները, պաշտպանել նրանց բռնություններից ու խտրականության դրսևորումներից:
ՄԱԿ-ի տվյալներով, որոնք ներկայացված են կազմակերպության պաշտոնական կայքում, աշխարհում 20-ից մինչեւ 24 տարեկան յուրաքանչյուր երրորդ աղջկան բռնությամբ ամուսնացրել են դեռ մանուկ հասակում: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տարածած վիճակագրությունը վկայում Է, որ նշված տարիքային խմբից 23 մլն աղջիկների ամուսնացրել են մինչեւ 15 տարին լրանալը: Ինչ վերաբերում Է 20-ից մինչև 49 տարեկան կանանց, ապա նրանց 41 տոկոսը կամ 400 մլն մարդ, ամուսնացրել են մինչեւ 18 տարին լրանալը: Առավել հաճախ դա տեղի Է ունենում Հարավային Ասիայում (46 տոկոս), Աֆրիկայի` Սահարայից հարավ գտնվող երկրներում (37 տոկոս), Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի պետություններում (29 տոկոս): 11 տոկոս կազմող նման դեպքեր են գրանցվել Եվրամիությունում եւ ԱՊՀ-ի երկրներում:
Ընդհանուր առմամբ, մինչեւ 18 տարին լրանալը ամուսնություններն արգելված են 103 երկրում այն դեպքում, երբ ՄԱԿ-ի մեջ մտնում է 193 պետություն: Ամեն տարի 10 մլն աղջիկներ հարկադրաբար ընտանեկան կյանք են սկսում նախքան այդ տարիքին հասնելը, իսկ առանձին դեպքերում 8-ամյա աղջիկներին ամուսնացնում են նրանցից 3-4 անգամ մեծ տղամարդկանց հետ: «Աղջիկները ստրկուհիների են վերածվում մինչեւ իրենց կյանքի վերջը, իսկ բժշկությունից օգտվելու, կրթություն ստանալու, խտրականությունից զերծ, ֆիզիկապես ու բարոյապես ազատ ապրելու նրանց իրավունքները խախտվում են»,- նշվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Այսպիսով կոչ է արվում կենտրոնանալ ամբողջ աշխարհում աղջիկների առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտության վրա և նպաստել աղջիկների հզորացմանը, նրանց իրավունքների իրագործմանը:
Նշվում է, որ 15-19 տարեկան հասակում, աշխարհում գրեթե յուրաքանչյուր չորրորդ աղջիկը չունի ոչ աշխատանք, ոչ կրթություն, ոչ մասնագիտական պատրաստվածություն համեմատաբար նույն տարիքի 10 տղաներից մեկի: Մինչև 2021 թվականը շուրջ 47 մլն կանայք և աղջիկներ COVID-19-ի հետևանքով աղքատության մեջ են հայտնվել։
Որոշ տվյալներով՝ COVID-19-ի բռնկման հետևանքով կտրուկ աճել են կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունները՝ մասնավորապես տնային բռնությունները:
Վերջին 15 տարիների ընթացքում համաշխարհային հանրությունը զգալի առաջընթաց է գրանցել վաղ մանկությունից աղջիկների կյանքի բարելավման հարցում։ Այնուամենայնիվ, ակնհայտորեն բավարար չէ ներդրումներ կատարել այն խնդիրների լուծման համար, որոնց հետ աղջիկները բախվում են իրենց կյանքի երկրորդ տասնամյակում: Խոսքը որակյալ միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու, մանկահասակ երեխաների ամուսնությունից խուսափելու, նրանց սեռական հասունության և վերարտադրողական առողջության հետ կապված տեղեկատվություն և ծառայություններ տրամադրելու հնարավորության և անցանկալի հղիությունից, սեռավարակից զերծ մնալու հնարավորության մասին է:
Ուստի ամեն տարի օրվա միջոցառումները նվիրված են որոշակի թեմատիկայի։
Առաջին անգամ Աղջիկների օրը նշվել է 2012 թվականին և նվիրված է եղել աշխարհի շատ երկրների համար արդիական խնդրին՝ վաղաժամ մանկական ամուսնություններին:
Այսօր միջազգային այս օրը բոլոր պետություններին խորհուրդ է տրվում անցկացնել թեմատիկ միջոցառումներ՝ նվիրված աղջիկների խնդիրների լուծման հնարավոր ուղիների քննարկմանը։