Խորվաթիան դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Խորվաթիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ մեդալ է նվաճում Աշխարհի առաջնություններում։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում մրցում էին Խորվաթիայի եւ Մարոկկոյի հավաքականները։ Առաջին խաղակեսում 2:1 հաշվով հաղթեցին խորվաթները: Խաղն այդպես էլ ավարտվեց։
Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Խորվաթիան։ Գերմանական «Լայպցիգի» 20-ամյա պաշտպան Յոշկո Գվարդիոլը դարձավ գոլի հեղինակ։
Ընդամենը 2 րոպե անց Մարոկկոյի թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկավ ֆրանսիական «Բրեստի» 23-ամյա պաշտպան Աշրաֆ Դարին։
42-րդ րոպեին Խորվաթիայի երկրորդ գոլը խփեց Զագրեբի «Դինամոյի» 29-ամյա հարձակվող Միսլավ Օրշիչը, որին գոլային փոխանցում կատարեց Սպլիտի «Հայդուկի» 29-ամյա հարձակվող Մարկո Լիվայան (տեսանյութ)։