Խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանցիները մուտք են գործել նրանց պատասխանատվության գոտի

Խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանցիները մուտք են գործել նրանց պատասխանատվության գոտի

Ադրբեջանը, հասկանալով, որ ԼՂ հիմնախնդիրն առկա է և ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, փորձում է փակել ԼՂ հարցը և այս գործողությունը մեկնարկել է Ասկերանի Փառուխ գյուղից, որը շարունակվելու միտում ունի: Այս մասին Կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ Փառուխի իրադարձությունները փաստում են, որ ԼՂ հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ:

«Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում։ Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, և սա պետք է երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, ՌԴ խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի։

Ցավով ենք արձանագրում սա, և այն, որ չնայած ՌԴ ՊՆ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ ակնկալում է՝ ՌԴ խաղաղապահները կոնկրետ քայլեր կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումների՝ խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս բերելու և 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս-քվոն վերականգնելու համար.

«Ակնկալում ենք նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի գործունեությունը կամ հնարավոր անգործությունը կարժանանա պատշաճ քննության»,-ասաց նա: