Գիտնականները պարզել են, որ նորությունների հաճախակի դիտումը վնասում է առողջությունը

Գիտնականները պարզել են, որ նորությունների հաճախակի դիտումը վնասում է առողջությունը

Նորությունների դիտումից կախվածությունն առաջ է բերում խնդիրներ՝ կապված հոգեկան եւ ֆիզիկական առողջության հետ, պարզել են Տեխասի տեխնիկական համալսարանի գիտնականները։ Նրանց աշխատանքը հրապարակվել է Health Communication ամսագրում. գրում է News.am-ը։

Մշտապես նորությունները ստուգելու մոլի ցանկություն ունեցող մարդիկ ավելի մեծ հավանականություն ունեն սթրեսի, անհանգստության եւ ֆիզիկական հոգնության ենթարկվելու։ Գիտնականներն ուսումնասիրել են նորությունների եւ առողջության վերաբերյալ 1 100 մեծահասակ ամերիկացիների օնլայն հարցման տվյալները։

Արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 16,5 տոկոսն ունեցել է նորություններից խիստ կախվածության նշաններ։ Այդ մարդիկ այնքան էին խորանում նորությունների մեջ, որ չէին կարողանում չմտածել նորությունների մասին։ Դա խանգարում էր նրանց քունը, չէր ստացվում կենտրոնանալ ուսման կամ աշխատանքի վրա եւ նպաստում էր անհանգստությանը։

Նրանց մեծ մասը (73 տոկոս) հոգեկան խանգարումներ ուներ, իսկ 61 տոկոսը ֆիզիկական հոգնություն էր զգում։ Հետազոտողների խոսքով՝ հարկավոր է հասարակության շրջանում նորություններից կախվածության դեմ քարոզչություն վարել։ Գիտնականների կարծիքով՝ իրավիճակը վատթարացնում են զանգվածային լրատվամիջոցները, որոնք նախապատվությունը տալիս են վատ նորություններին։