ՌԴ-ն Փաշինյանի թիմին չի ներելու Արևմուտքի հետ «սիրախաղը»

ՌԴ-ն Փաշինյանի թիմին չի ներելու Արևմուտքի հետ «սիրախաղը»

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այն կարծիքին է, որ զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող է լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար:

ՀՀ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակից ՌԴ-ն իր դեսպանի շուրթերով հստակ հայամետ հայտարարություն է անում՝ կոչ անելով ադրբեջանական զորքերին հետ քաշվել ելման դիրքեր: Մոսկվան դե-ֆակտո դատապարտում է ադրբեջանական ագրեսիան իր դաշնակից երկրի՝ ՀՀ նկատմամբ:

Այս հայտարարությունն, իհարկե, ՔՊ-ականներն ու նրանց սատելիտ հակառուսական ուժերը՝ «մարդ-կուսակցություններն», անտեսելու են: Դրա փոխարեն Փաշինյանը կրկին անգամ սլաքներ է ուղղում ՌԴ-ի կողմ՝ նշելով, թե, իբր, ՀՀ-ն 100 միլիոնավոր դոլարների զենքեր է գնել, իսկ ՀՀ-ի դաշնակից երկրները, հավանաբար նկատի ունենալով ՌԴ-ին, չեն տրամադրում այդ զենքերը մեզ: 

Փաշինյանը նաև մեսիջներ է ուղարկում Արևմուտքին՝ այդ կերպ փորձելով ստանալ Արևմուտքի աջակցությունը ՀՀ-ում իր իշխանությունը երկարաձգելու համար: Հակառուսականությունն այսօր թրենդային է:

ՌԴ-ն, իհարկե, չի արձագանքելու ՔՊ-ի առաջնորդի հայտարարություններին՝ դրանք ընկալելով որպես անլուրջ: Մոսկվան այսօր մեծ պատերազմի մեջ է Ուկրաինայում՝ թե՛ ուկրականական զորքերի, թե՛ ողջ Արևմուտքի դեմ: Մոսկվան կենտրոնացած է ուկրաինական ճակատում և հենց դրա համար էլ ՔՊ-ն փորձում է «խաղեր տալ» Արևմուտքի հետ: Սակայն, երբ ՌԴ-ն ավարտի պատերազմն Ուկրաինայում և ավելի մեծ ուշադրություն դարձնի Հարավային Կովկասին, Փաշինյանն ու թիմը կրկին ռուսամետության իմիտացիա են անելու՝ իշխանության մնալու համար:

Վահրամ Բագրատյան