Զավեշտ է․ ոստիկաններից մեկը պատմել է, որ Լևոն Քոչարյանը ոտքով հարվածել է իր ուսին․ փաստաբան

Սա քրեական վարույթ չէ, զավեշտ է։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Լևոն Քոչարյանին բերման էին ենթարկել, ապա նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից էլ նրան ձերբակալել էին: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հաղորդմամբ` ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել: Ավելի ուշ նրան մեկ ամսով կալանավորեցին։

Ըստ փաստաբանի՝ Լևոն Քոչարյանին մեղադրում են, որ նա ոստիկանների օրինական պահանջը չի կատարել խաղաղ ակցիայի ժամանակ, ապա ծեծել է չորս ոստիկանի, ու իբրև մինչև ոստիկանական մեքենան նստելը, Քոչարյանը երկու անգամ ոտքով հարվածել է ոստիկաններից մեկին։

«Մեկ այլ ոստիկանության աշխատակցի ձախ ուսին է իբրև հարվածել Լևոն Քոչարյանը, մյուսի՝ կրծքավանդակին։ Ու մեղադրանքն այն է, որ նա պաշտոնատար անձի աշխատանքին է փորձել միջամտել, ու դա էլ ուղեկցվել է բռնությամբ»,- ներկայացրեց փաստաբանը։
Փաստաբանը նշեց, որ ոստիկաններից մեկը պատմել է, որ Քոչարյանը ոտքով հարվածել է իրեն, բայց կադրերում երևում է՝ նա այն դիրքում է եղել, որ Լևոն Քոչարյանն ուղղակի չէր կարող իրեն ոտքով հարվածել։

«Այս բոլոր չորս ոստիկանների ցուցմունքներն արժանահավատ չեն։ Սա սուբյեկտիվ դատողություն չէ։ Ոստիկանները գործի ելքով շահագրգռված անձինք են։ Պաշտպանության կողմը միայն այս հանգամանքը չի վկայակոչել»,- ասաց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։