Հայ փրկարարները ոչինչ չեն գողացել, չեն ձերբակալվել․ թշնամու շնորհակալությունը կեղծ լուրեր տարածելն է

Թուրքական և ադրբեջանական մամուլը գրել էր, թե Հայաստանից Թուրքիա մեկնած հայ փրկարարներից երկուսը ձերբակալվել են՝ թալան իրականացնելու պատճառով։
Մամուլը հղում էր տալիս «Ակօս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանին, թե վերջինս է հայտնել այդ մասին։
MediaHub-ի հետ զրույցում Էստուկյանը նշեց, որ ոչ մի տեղ նման հայտարարություն չի արել։
«Ամբողջովին կեղծ են այդ տեղեկությունները։ Հայ փրկարարներն իրենց գործն են անում, ոչ մի թալան չի եղել, ոչ ոք չի ձերբակալվել։ Չեմ էլ հասկանում, թե ինչու է այդ լուրն ինձ վերագրվել»,- նշեց նա։
Տեղեկությունը փորձեցինք հստակեցնել նաև ՆԳՆ-ից, որտեղից MediaHub-ին փոխանցեցին՝ տարածված տեղեկությունը որևէ կերպ իրականությանը չի համապատասխանում։
Հատկանշականն այն է, որ տեղեկությունը հերքվում է և՛ Թուրքիայից, և՛ Հայաստանից, սակայն ադրբեջանական կայքերը, ինչպես միշտ գործի դնելով իրենց կեղծ քարոզչության մեխանիզմը, ստահոդ լուրեր են տարածում: Այս ամենը, հիշեցնենք, այն ֆոնին, որ հենց ադրբեջանցի փրկարարներն են սկանդալային պատմությունների մեջ ընկել: Մասնավորապես, համացանցը ողողված է տեսանյութերով , թե ինչպես են այսպես կոչված փրկարարները փլատակներից դուրս բերվող մարդկանց ստիպում բարևներ հղել Ալիևին:
Սա շատ քննադատվեց, մինչդեռ հայ փրկարարներին միայն շնորհակալություններ են հղում: Ինչպես, օրինակ, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, ով Twitter-ի իր միկրոբլոգում տարածել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի գրառումը, որով նա տեղեկացնում է, որ հայ փրկարարների խումբը Թուրքիայում երկրաշարժից տուժած ևս երկու կնոջ է փրկել:
«Սա այն օրն է, երբ բոլորս մի կողմ ենք դրել էթնիկ պատկանելությունը, ազգությունը, կրոնը և ցուցաբերում ենք մարդասիրության և մարդկային համերաշխության ամենաբարձր մակարդակը՝ որպես նույն Աստծո զավակներ։ Աստված օրհնի բոլորիդ»,-գրել է Քըլըչը։
«Արսեն Ղազարյան և Վահան Սուրմալյան անուն ազգանունով փրկարարներ ո՛չ Թուրքիա են մեկնել, ո՛չ Սիրիա»։
Սա թշնամու շնորհակալությունն է՝ աղետի ֆոնին։
Լիաննա Թորոսյան