Ինչու են հակամարտության մեջ Արագածոտնի մարզպետն ու ոստիկանապետը, Որոշել են մինչեւ վերջ խայտառակվել. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու մարզային ոստիկանապետը խոր հակամարտության մեջ են։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ պաշտոնյաների ներքին կռիվը ուղիղ կապ ունի մարզպետի քրեական պատմությունների հետ հնարավոր առնչություններին։
Ուշագրավն այն է, որ մարզպետ Մովսիսյանը օրերս իր հարցազրույցում հրապարակավ կասկածի տակ է դրել իրավապահների գործողությունները։ Երեկ, երբ իր խորհրդական Արմեն Մարկոսյանին ոստիկանները թմրանյութի օգտագործման կասկածանքով բերման էին ենթարկել, մարզպետը հայտարարեց, թե վստահ է, որ այս միջադեպը կապված է իր օգնականի ու համայնքային ոստիկանության, ինչպես նաեւ Արագածոտնի մարզային վարչության պետի միջեւ առկա լարված փոխհարաբերությունների հետ։
Նշենք, որ Արագածոտնի մարզային վարչության պետը Վարդան Խաչատուրյանն է, իսկ ահա Աշտարակի բաժնի պետը՝ Սերգեյ Մարտիրոսյանը, որը երեկ՝ դեպքից հետո, ազատվեց պաշտոնից։
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ դեկտեմբերի 16-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ հատվածում հայտնաբերել են կասկածյալի Mercedes-ը, ինչից հետո վարորդին՝ Ա. Մարկոսյանին, թմրանյութ պահելու, օգտագործելու եւ տարածելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Վարորդի մոտ հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց՝ «մարիխուանա» տեսակի:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք, հնարավոր է, փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն»:
«Հրապարակը» գրում է․ Մեկ շաբաթ առաջ Հովիկ Աղազարյանի պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի համապատասխան իրավական գործընթաց սկսեն` պարզելու, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեն երրորդ անձի փոխանցել պատգամավորի անձնական ինֆորմացիան: Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում, որով Հովիկ Աղազարյանն անցնում է որպես վկա, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն առգրավել է նրա հեռախոսը եւ դրա պարունակությունը հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա էլ՝ ՔՊ ողջ թիմին: Սակայն դատախազությունը վարույթ հարուցելու փոխարեն մի գրություն է ուղարկել հակակոռուպցիոնի քննիչին՝ պահանջելով պարզաբանումներ տալ։
Մինչ Աղազարյանն իր իրավունքների համար պայքար կմղի, Կոմիտեից երեկ հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ «պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության արտահոսք կազմակերպելու համար»` հենց Աղազարյանի դեմ։ Ի դեպ, ՔՊ-ում լավ չեն պատկերացնում՝ ինչպես է դատախազը խորհրդարանում հիմնավորելու մեղադրանքը եւ պատգամավորներին համոզելու, որ Աղազարյանը պետական գաղտնիքի արտահոսք է կազմակերպել: Ըստ ամենայնի, Փաշինյանը որոշել է մինչեւ վերջ գնալ` մի կողմ դնելով օրենքը եւ ստիպելով, որ հանցանք գործեն նաեւ դատախազը, իր ողջ թիմը, եւ Աննա Վարդապետյանը, հավանաբար, հունվարին ԱԺ կգա` Աղազարյանի հետեւից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները որսի են դուրս եկել. հիմա էլ թիրախում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն են։ Դեկտեմբերի 12-ին ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական ինքնաքննադատության նիստն էր արել։
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ-ականները մի լավ քննադատել են Անահիտ Ավանեսյանին ու Հակոբ Սիմիդյանին։ Մասնավորապես, Անահիտ Ավանեսյանին մեղադրել են առողջապահության ոլորտում տիրող բարձիթողի ու խայտառակ վիճակի, քաղաքացիների կողմից հնչող բազմաթիվ դժգոհությունների համար։ ՔՊ-ականները կասկածահարույց են համարել միլիոնավոր դրամների պայմանագրերը, որոնք Անահիտ Ավանեսյանը կնքել է նորաբաց «Ուիգմոր» կլինիկայի հետ, ու նրան մեղադրել են կոռուպցիայի մեջ։
Ավանեսյանը, իհարկե, փորձել է արդարանալ, սակայն ներկաներին չի համոզել:
Հակոբ Սիմիդյանին էլ քննադատել են անգործության համար, ինչպես նաեւ բնապահպանական խայտառակ իրավիճակի եւ անթույլատրելի չափով ծառերի հատման համար։ ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի մոտ նաեւ անկեղծացել են, որ այսուհետեւ, որպեսզի թիմային գզվռտոցների մասին լուրերը իրեն այստեղ-այնտեղից չհասնեն, նիստերի ժամանակ հրապարակավ իրար դեմքի ինչ ունեն՝ ասելու են։
Հավելենք նաեւ, որ նախաձեռնող նիստն այնքան թեժ է անցել, որ անգամ ամփոփիչ զեկույցը կիսատ է մնացել՝ նախաձեռնողի հաջորդ նիստին ներկայացնելու պայմանով»: