Վաշինգտոնը մտադիր է պարզեցնել ուկրաինացիների համար մուտքի ընթացակարգը

ԱՄՆ վարչակազմն այս շաբաթ նախատեսում է սկսել Ուկրաինայի քաղաքացիների որոշակի կատեգորիաների համար երկիր մուտքի պարզեցման աշխատանքները. հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նախաձեռնությամբ նախատեսվում է արագացնել վիզաների համար ներկայացված դիմումների մշակումը, ինչպես նաև ավելացնել դրանով զբաղվող անձնակազմի թիվը։ Միաժամանակ ԱՄՆ վարչակազմը հատուկ ուշադրություն է դարձնում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, ակտիվիստներին, լրագրողներին և այլ պոտենցիալ խոցելի խմբերին, նշել են գործակալության զրուցակիցները։
ԱՄՆ-ն մարտի 1-ից մինչև մարտի 16-ն ընդունել է ընդամենը յոթ ուկրաինացի փախստականի, նշում է Reuters-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներքին տվյալները։ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները պնդում են, որ Ուկրաինան լքող քաղաքացիների մեծ մասը ցանկանում է մնալ Եվրոպայում, որտեղ տեղաշարժը կատարվում է առանց վիզայի:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ փետրվարի 24-ից մարտի 21-ը Ուկրաինայից հարևան երկրներ են ժամանել ավելի քան 3,5 միլիոն փախստականներ: