Փաշինյանի հերթական սկանդալային հայտարարությունը
Ընդամենը կես ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ վիրավորական, անպատասխանատու հայտարարություններ չի կարելի անել Ռուսաստանի մասին:
Այսօր արդեն նա, թերևս, մոռացել է իր պնդման մասին և երեկ հանդես է եկել հերթական անպատասխանատու հայտարարությամբ:
«Հայաստանը սառեցրեց անդամակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ այդ կառույցը սպառնալիքներ էր ստեղծում հանրապետության անվտանգության և ինքնիշխանության համար։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում մոտ ենք «անդառնալիության կետին»,- ասել է նա:
Եթե ընդունենք անգամ, որ Փաշինյանը ճիշտ է, առաջանում են հարցեր:
Օրինակ, եթե ՀԱՊԿ-ը սպառնալիք է Հայաստանի համար, ինչո՞ւ է Փաշինյանը հանդուրժում մեր երկրի ներկայությունն այդ կառույցում կամ դրա առանցքային երկրի ռազմական ներկայությունը Հայաստանում:
Իսկ գուցե Փաշինյանը հո՞ղ է նախապատրաստում նրա համար, որ հայ-իրանական սահմանից դուրս բերվեն ռուսական զորքերը:
Ի դեպ, եթե Հայաստանը մտադիր է փոխել անվտանգային համակարգը, ապա Փաշինյանը պետք է հստակ ասի, թե արևմտյան ո՞ր երկրներից ենք անվտանգային երաշխիքներ ստացել կամ առնվազն ո՞ր ուղղությամբ է շարժվելու Հայաստանը:
Այս հարցերի պատասխանը Փաշինյանը չունի, հետևաբար նրա հայտարարությունները, մեծ հաշվով, փաստազուրկ են:
Վահրամ Բագրատյան