Ո՛չ դավաճան գոռալն է նորմալ երևույթ, ո՛չ էլ թքելը․ Վիգեն Խաչատրյան

Ո՛չ դավաճան գոռալն է նորմալ երևույթ, ո՛չ էլ թքելը․ Վիգեն Խաչատրյան

Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարց ԱԺ չի մտել, երբ գլխավոր դատախազն այդ հարցով խորհրդարան կմտնի, այդ ժամանակ էլ, կարծում եմ, կարող են խորհրդարանի անդամները կարծիք, դիրքորոշում հայտնել, հիմա ոչինչ ասել չենք կարող։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ խոսելով ԱԺ-ում օրեր առաջ Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին։ 

«Միջադեպը տեղի է ունեցել, հետո դեպքն արդեն իրավական դաշտ է տեղափոխվել, պետք է հարգել այդ կառույցները, երբ նրանք գտնեն, որ այդտեղ հանցակազմ կա։ Պատգամավորն անձեռնմխելի է և խորհրդարանը միայն համաձայնություն է տալու քրեական հետապնդում հարուցելու կամ չհարուցելու մասով»,-շեշտեց պատգամավորը։ 

Հիշեցնենք՝ մարտի 31-ին ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։

«Մենք կարող ենք դատախազին լսելուց հետո համաձայնություն տալ, որ Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի, սակայն սա էլ դեռ չի նշանակում, որ մենք նրան որպես հանցագործ ենք համարում, անմեղության կանխավարկած կա, որից շեղվել չենք կարող։ Փաստերը դեռ ամբողջական չեն։ Ես ներկա եմ եղել միջադեպին, բայց հանցագործության ծանրությունը ես չեմ կարող որոշել, քննություն կանցկացվի, վկաները կհարցաքննվեն։ Ես այդ օրը, այո, հարցաքննվել եմ»,-հայտնեց Խաչատրյանը։ 

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպին, երբ, ըստ քաղաքացու, Ալեն Սիմոնյանը թքել է նրա դեմքին, հետո եղան նաև հայտարարություններ այն մասին, որ Սիմոնյանն ապտակել է, պատգամավորը պատասխանեց․ 

«Ես ոչ մի տեղ ապտակելու մասին չեմ կարդացել կամ լսել։ Իսկ այն, որ ասում է՝ թքել է, սա ևս ապացուցված չէ։ Ես նորմալ չեմ համարում, որ կարող է մարդը քայլել, իր հետևից դավաճան-դավաճան գոռան: Այո, թքել պետք չէր, չնայած կրկնում եմ, որ սա ապացուցված չէ, իրավական ընթացք գոյություն ունի, երբ ապացուցվի, որ թքել է, նոր կխոսենք այդ մասին, հիմա քանի ոչինչ չկա, ինչպե՞ս մեկնաբանեմ: Ասում եմ, որ ո՛չ դավաճան գոռալն է նորմալ երևույթ, ո՛չ էլ թքելը։ Մարդու հետևից դավաճան գոռալը նորմալ չէ, հունից հանել չի կարելի, չնայած որքան էլ հունից դուրս գա՝ թքել չի կարելի»,-ասաց Խաչատրյանը։

Հարցին, թե Ալեն Սիմոնյանին ճանաչելով, վերջինս նման վարքագիծ կսպասե՞ր, պատգամավորը պատասխանեց, որ Ալեն Սիմոնյանին ճանաչում է որպես հավասարակշռված մարդ։ 

«Ենթադրում եմ՝ ինչքան պետք է նրան հունից հանած լինեն, որ իրեն ոչ բնորոշ վարքագիծ դրսևորի»։

Հիշեցմանը, որ սա Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միակ միջադեպը չէ և Արթուր Դանիելյանի հետ ևս ծեծկռտուք էր եղել փողոցում, Վիգեն Խաչատրյանն արձագանքեց․

«Շատ լավ գիտեք, թե ինչ է նշանակում հայկական միջավայրում մարդուն հոյհոյել, ի՞նչ էիք սպասում, մեր կենցաղում ամենավիրավորական բանն է, որ կարող է լինել, այն դեպքում երբ տվյալ մարդու մորն են հայհոյում: Ամենազուսպ պատասխանն է տվել իրականում, որովհետև կարող էր ավելի կոպիտ լինել, դիմացինը բոլոր սահմաններն անցել էր։ Ես ընդունում եմ, որ լինելով պաշտոնյա, իշխանություն, պետք է զսպվածություն դրսևորել, անտեսել, արհամարհել»,-միևնույն ժամանակ նկատեց նա։ 

Խաչատրյանի խոսքով՝ այս ամենն իրականում մշակված, պլանավորված միջադեպեր են.

«Սրանք պատահական չեն լինում, ողորմելի ծրագիր են կազմել, որ իշխանությանը հունից հանեն, դեռ կտեսնեք, որ այս շարքը շարունակվելու է և ես կարծում եմ, որ մաքսիմալ զսպվածություն պետք է դրսևորենք։ Մինչև այս էլ ԱԺ-ում եղած բոլոր վեճերը, ծեծկռտուքներն ընդդիմությունն է հրահրել, դժբախտաբար այդ խայծը երբեմն աշխատել է»։

Իշխանական պատգամավորի համոզմամբ՝ Ալեն Սիմոնյանի հետևից «դավաճան» գոռացող քաղաքացին ուղղորդված է եղել։ 

«Պարզ դարձավ՝ քաղաքական կուսակցության ներկայացուցիչ է, որի պարագլուխը հայտարարում է, որ ՀՀ-ում պետք է իշխանությունը զավթեն, ապստամբություն անեն։ Գուցե, այդ ապստամբությունն են սկսել»։

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպես ստացվեց, որ տվյալ քաղաքացին հայտնվեց հենց այնտեղ, որտեղ Ալեն Սիմոնյանն էր, մեր զրուցակիցը պատասխանեց՝ դժվար չէ պարզել, թե Ալեն Սիմոնյանն ուր է գնում.

«Զուգադիպությունները, որպես կանոն, խոսում են օրինաչափության մասին։ Էս դարում դժվար չէ զանգել, ասել՝ էս ինչ մարդն այստեղ է»,- հավելեց նա։