Պեկին, Հռոմ, Մադրիդ. ՔՊ-ականները շրջագայությունների մեջ են

Պեկին, Հռոմ, Մադրիդ. ՔՊ-ականները շրջագայությունների մեջ են

Ազգային ժողովում նոյեմբերը նույնպես ՔՊ-ականների համար գործուղումների առումով առատ ամիս է։ 

ԱԺ նախագահի ստորագրած կարգադրություններով Ազգային ժողովի իշխանական խմբակցության տարբեր պատգամավորներ մոտ օրերս կմեկնեն կամ արդեն մեկնել են տարբեր երկրներ՝ անհասկանալի գործուղումների։ 

Օրինակ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի նոյեմբերի 26-29-ը Վադուց (Լիխտենշտայնի Իշխանապետութուն), ինչպես նաեւ ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: 

Նոյեմբերի 26-29-ին գործուղման մեջ կգտնվի նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Արման Եղոյանը։ Նա էլ մեկնելու է Մադրիդ՝ մասնակցելու Եվրոպական Միության հարցերով խորհրդարանական հանձնաժողովների համաժողովին (COSAC)։ 

Իշխանականների հետ ընդդիմությունից ևս գործուղման մեկնող կա առաջիկա օրերին։ Մասնավորապես, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի դեկտեմբերի 3-6-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմ կգործուղվեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը և պատվիրակության ընդդիմադիր անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արմեն Ռուստամյանը: Ամենաուշագրավը ՔՊ խմբակցության ոչ ՔՊ-ական անդամ Բաբկեն Թունյանի գործուղումն է Պեկին։ Նա արդեն Չինաստանի մայրաքաղաքում է, մեկնել է այսօր՝ նոյեմբերի 22-ին և կվերադառնա նոյեմբերի 26-ին։

ԱԺ նախագահի կարգադրության մեջ, սակայն, նշված չէ, թե որն է իշխանական պատգամավորի՝ Պեկին գործուղման նպատակը, ինչո՞ւ է մեկնել, ի՞նչ նպատակով, ի՞նչ աշխատանքային այց է։ Այլ կերպ ասած՝ մեկնել է Չինաստան, որ ի՞նչ անի։ Միայն վերջում նշված է․ «Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: 

Հ.Գ. Ավելի ուշ Ազգային ժողովից տեղեկացանք, որ Բաբկեն Թունյանը օրապահիկ չի ստացել, քանի որ, ըստ կարգի, գործուղման մեկնողը պետք է դիմի ԱԺ աշխատակազմին, որ իրեն օրապահիկ հատկացնեն, սակայն Թունյանը չի դիմել` կարիքը չի զգացել:

Վահե Մակարյան