«Էրեբունի-Երևան» տոնից ոչինչ չի մնացել

«Էրեբունի-Երևան» տոնը երևանցիների ամենասիրված տոներից է եղել. ամեն տարի հոկտեմբերի երկրորդ կիրակին մեծ տոնակատարությամբ էր նշվում մայրաքաղաքի հիմնադրման օրը։ Մի քանի տարի է, սակայն, ինչ Երևանի տոնը նշվել է նվազագույնի հասցված օրակարգով, ինչն ունի նաև օբյեկտիվ պատճառներ: Ու թեև տարբեր միջոցառումներ եղել են, բայց մայրաքաղաքի բնակիչների հիշողության մեջ է մնացել այն տոնական եռուզեռը, որ կար Երևանի ծննդյան օրը նախկինում։
Այս տարի Երևանը նշում է իր հիմնադրման 2806-ամյակը: MediaHub-ը հետաքրքրվեց Երևանի քաղաքապետարանից, թե ինչպե՞ս է այս տարի նշվելու մայրաքաղաքի ծննդյան օրը, և ի՞նչ միջոցառումներ են նախատեսված:
Քաղաքապետարանից MediaHub-ին տեղեկացրին, որ այս տարի մայրաքաղաքի օրը նշվելու է հոկտեմբերի 13-ին, այդ օրը ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի մեջ, կանցկացվեն տարբեր սպորտային միջոցառումներ, գինու և գարեջրի փառատոններ։ Իսկ ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ նախկինում հայկական պարով՝ քոչարիով և երգերով անցկացվող մայրաքաղաքի օրվանից ոչինչ չի մնացել, էլ չասած, որ ավանդական երթեր չեն լինի՝ այս ամենը մնացել է մայրաքաղաքի բնակիչների հիշողություններում․․․․
Նշենք, «Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անց է կացվել 1968թ. հոկտեմբերին, այդ տարի նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։
Հոբելյանական հանդիսությունները տևեցին մոտ մեկ շաբաթ։ Միջոցառումները շատ էին, բազմազան ու բովանդակալից. հրատարակվեցին Երևանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, էկրան բարձրացան Երևանի առօրյան արտացոլող նոր ֆիլմեր, բացվեցին ցուցահանդեսներ, ստեղծվեցին Երևանի մասին նոր երգեր, թողարկվեցին բազմապիսի հոբելյանական հուշանվերներ, որոնք այժմ էլ հիշեցնում են այդ շքեղ տոնակատարության մասին։
Մարիաննա Արամյան