ՔՊ-ի հերթական նիստն ու Փաշինյանի հրահանգը, Նիկոլ Փաշինյանը տագնապած է․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ընտրություններից առաջ իշխանությունն այլեւս չի կարողանում քողարկել իր ջղաձգումները։ Շուրջօրյա ռեժիմով աղմկահարույց շոուներ են բեմադրվում՝ իշխանության՝ շրիշակից ցածր վարկանիշը բարձրացնելու եւ այս անգամ էլ ընտրություններում հաղթելու համար:
Այդ ճանապարհին չեն խնայում անգամ յուրայիններին․ նախօրեի գիշերը մասկի-շոու արեցին Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի նկատմամբ, երեկ գլխավոր դատախազը միջնորդություն ուղարկեց ԱԺ՝ երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, հերթական` 5-րդ անգամ բերման էր ենթարկվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թիկնազորը, որն օրինական կարգով ձեւակերպված ծառայություն է մատուցում:
Ուրբաթ օրը ՔՊ-ի հետ փակ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել իր տագնապներն ու վախերը Գյումրու ընտրությունների հետ կապված եւ հասկացրել է թիմին, որ դա իրենց վերջի սկիզբն է լինելու, ուստի յուրաքանչյուր ոք պետք է անմասն չմնա մարտի 30-ին կայանալիք ընտրություններից։
Տեղեկացանք նաեւ, որ Փաշինյանն ուժային կառույցներին հրահանգել է՝ ինչքան հնարավոր է, շատ աղմկահարույց գործեր բացահայտել եւ հրամցնել հանրությանը, որ համոզեն, թե ինքը կատարում է իր խոստումները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ՝ մարտի 15-ին, մեկնարկելու է Արմավիրի եւ Շիրակի մարզերի ՏԻՄ ընտրություններին նախորդող նախընտրական քարոզարշավը, որը տեւելու է մինչեւ մարտի 28-ը` 24:00-ն։ Քվեարկության եւ դրա նախորդ օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ամերձ աղբյուրներից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը բավականին խիստ հրահանգել է, որ «պարտվել չկա, պետք է ձգտել` հավաքելու 50 + ձայն» եւ քաղաքապետ դարձնելու իրենց թեկնածուներին: Սակայն այդ հավանականությունը բավականին փոքր է: Տեղեկացանք, որ այսօր՝ նախընտրական քարոզարշավից առաջ, տեղի է ունենալու ՔՊ վարչության հերթական նիստը, որի ընթացքում ակնկալվում է, որ հստակ գործողությունների պլանը կդրվի սեղանին՝ գովազդային վահանակներից ու պաստառներից մինչեւ քվեախցիկ ուղղորդելու գործողությունների շարքը։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Գյումրի համայնքում գրանցված հետեւյալ կուսակցությունների ու դաշինքների շարքը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն -1 Սարիկ Մինասյան
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» – 2 Վարդան Ղուկասյան
«Ապրելու երկիր» կուսակցություն – 3 Կարեն Մալխասյան
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 4 Կարեն Սիմոնյան
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» – 5 Արտյոմ Թումանյան
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 6 Լեւոն Բարսեղյանի առաջնորդությամբ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 7 Սուրեն Սուրենյանց
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 8 Մարտուն Գրիգորյանի
«Իմ հզոր համայնք» կուսակցություն – 9 Ռուբեն Մխիթարյան:
Իսկ Փարաքար համայնքում գրանցվել են հետեւյալ կուսակցություններն ու դաշինքը՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1 Լյուդվիգ Գյուլնազարյան
«Միասնություն» կուսակցությունների դաշինք – 2 Վալոդյա Գրիգորյան
«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 3 Դավիթ Մինասյան
«Կայունություն» կուսակցություն – 4 Գոռ Սարիբեկյան
Այսպիսով, առաջիկա շաբաթները Գյումրիում եւ Փարաքարում թեժ են լինելու»: