Մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել

Այսօր` մարտի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 08։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արման Մելիքսեթյանի վարած Toyota մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Էդիկ Անտոնյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 63-ամյա Ֆենիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել, և միայն վթարից 40 րոպե անց եկել են Սևանի ճանշինի աշխատակիցներն ու սկսել ճանապարհի մշակման աշխատանքներ։