Հայ-իրանական սահմանը կփակվի՞

Հայ-իրանական սահմանը կփակվի՞

Իրանը ծրագրում է փակել իր ցամաքային սահմանները հարևան երկրների հետ: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ամիր Կիումար Հեյդարին՝ նշելով, որ Իրանը երբեք մտադրություն չի ունեցել սպառնալ հարևան երկրներին, խախտել նրանց սահմանները կամ ներխուժել: 

«Սա անարդարություն չէ հարևան երկրների նկատմամբ, ցանկացած երկիր իրավունք ունի փակել իր սահմանները»,- նշել է նա: 

Արդյոք սա վերաբերվում է նաև հայ-իրանական սահմանին. MediaHub-ը կապ հաստատեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:   

«Խոսքը չի վերաբերվում հայ-իրանական սահմանին. Իրանի բարձրաստիճան զինվորականը, Իրանական բանակի գեներալներից մեկը խոսել է Իրանի  արևելյան սահմանների և մասնավորապես Իրանի և Աֆղանստանի սահմանի վերաբերյալ»,- նշեց նա: 

Իրանագետը նշեց, որ դա վերաբերվում է թալիբներին, որովհետև «Թալիբանն» այժմ գերակայություն ունի Աֆխանստանում: 

««Թալիբանը» հայտարարել է, որ այդ սահմանի փակումն անօրինական քայլ է: Իսկ իրանական կողմն իրավազոր է իր սահմաններն ապահովելու համար ցանկացած անհրաժեշտ միջոցառում ձեռք առնել: Հետևաբար, խոսքը չի վերաբերվում հայ-իրանական սահմանին»,- ասաց Ոսկանյանը: Նա հիշեցրեց, որ Իրան-Ադրբեջան սահմանը ևս փակ է՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, ու մի պատրվակով, որն այժմ անհեթեթ է թվում: Խոսքը կորոնավիրուսի համաճարակից հետո սահմանը չբացելուն է վերաբերում՝ շարքային քաղաքացիների անցուդարձի համար: 

«Իսկ հայ-իրանական սահմանը շատ կարճ և համընդգրկուն բնութագրվել է Իրանի հոգևոր առաջնորդի կողմից որպես հազարամյակների սահման, որով հաղորդակցությունը և կապը չի կարող որևէ պարագայում ընհատվել»,- հավելեց մեր զրուցակիցը:

 

Ռեբեկա Հովհաննիսյան