Փաշինյանը հուսախաբ է արել Բաբայանին, Բրյուսովի անվան համալսարանը միանալու է Մանկավարժական համալսարանին. Մամուլը՝ սուրճով

Փաշինյանը հուսախաբ է արել Բաբայանին, Բրյուսովի անվան համալսարանը միանալու է Մանկավարժական համալսարանին. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ փետրվարին Բրյուսովի անվան պետական համալսարանը միանալու է Մանկավարժական համալսարանին: Պայքարն ավարտվեց, քանի որ պայքարող ռեկտորը չեզոքացված է, պայքարողները՝ մեկուսացած:

Իրադարձության նախապատմությունը հետևյալն է. 2022 թվականի հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ բուհերի խոշորացման՝ կառավարության ծրագրով Բրյուսովի անվան պետական համալսարանը պետք է միանա երկու այլ բուհի՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի հետ՝ վերջինի կազմում: Ուսանողները ոտքի կանգնեցին, դասադուլ արեցին , ռեկտոր Կարինե Հարությունյանը, կանգնած ուսանողների կողքին, պայքարեց, և բարձրացված աղմուկից հետո կրքերը հանդարտվեցին, սակայն իշխանության ձեռքը բուհերի վրա մնաց:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին, սակայն ոչ մի կերպ մեկնաբանություն չտվեց. հարմար չէր խոսել:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, որի վերահսկողության տակ են գտնվում բարձրագույն կրթության հետ կապված հարցերը: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից մեզ պատասխանեցին հետևյալը.
«Դեռևս 2023 հուլիսի 17-ին եղել է այդ առաջարկը՝ բուհերի խոշորացման վերաբերյալ, մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը՝ մոտավորապես 6 ամիս, ժամանակ է տրվել բուհերին, որպեսզի բուհերը ներկայացնեն իրենց առաջարկները բուհերի խոշորացման գործընթացի մասին: Այս պահին Ձեր նշած հարցի վերաբերյալ ոչ մի համալսարանից առաջարկ չկա, բայց միանշանակ բուհերի խոշորացման օրակարգը կա: Գուցե մինչև տարվա վերջ առարկայական քննարկումներ լինեն, և նախագծեր լինեն, բայց այս պահին չկան»»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Նիկոլ Փաշինյանը հուսախաբ է արել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով հավակնում էր Հայաստանում մի կառույց ձեւավորել, որն Արցախից եկածների խնդիրներով պետք է զբաղվեր, ինչպես նաեւ` բանակցություններ վարեր Ադրբեջանի հետ՝ արցախցիների վերադառնալու հարցով։ Սկզբում Փաշինյանը հակված է եղել դրան, սակայն վերջերս հրաժարվել է այդ մտքից: Բաբայանի շրջապատից հայտնում են, որ «կամանդույուշչին» ծանր է տարել այս մերժումը եւ համարել է, որ իրեն «քցել» են:

Մինչդեռ հարցն այն է, որ Փաշինյանը որոշել է Արցախի հետ կապված ցանկացած բան պատմության գիրկն ուղարկել, իսկ ակտիվություն դրսեւորողներին՝ վարկաբեկել, թե սպառնում են Հայաստանի անվտանգությանը, եւ նոր կառույց ստեղծելու մտքից հրաժարվելն էլ սրանով է պայմանավորված: Այդուհանդերձ, Արցախի որոշ շրջանակներ հնարավոր է առաջիկայում ակտիվանան` հատկապես արցախցիների չլուծվող խնդիրների հարցով: Եվ խոսքը ոչ թե քաղաքական դաշտի, այլ հանրային սեկտորի մասին է, մասնավորապես` Տիգրան Պետրոսյանի եւ գործընկերների, որոնց ստվերային աջակցում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այս շրջանակը կառավարվում է Մասիս Մայիլյանի միջոցով։ Սակայն այս շերտի ակտիվացումը բոլորովին այլ ենթատեքստ ունի. կան տեղեկություններ, որ Արեւմուտքը Փաշինյանի իրավահաջորդի դերում տեսնում է Արմեն Գրիգորյանին: Եթե Փաշինյանը շարունակի ռուսական դաշտում մնալ, չի բացառվում, որ Գրիգորյանի «բախտը բացվի»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկումը մեծ աղմուկ հարուցեց երեկ, ու թեեւ նախագիծն անցած տարի ընդունվել է առաջին ընթերցմամբ, ամեն դեպքում, շարունակում է ՔՊ-ականների «կոկորդին» մնալ:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանն իր նախագծով առաջարկում է վճարել 15 մլն դրամ եւ ընդհանրապես ազատվել զինվորական ծառայությունից։ Նախագիծը հաջորդ շաբաթ ԱԺ-ում կքննարկվի արդեն երկրորդ ընթերցմամբ:

Իսկ իրականում ինչո՞ւ էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի երեկվա նիստը թեժ և ուղեկցվում էր ՔՊ-ականների միջև լեզվակռիվներով: Իր ոգևորությամբ ու ակտիվությամբ աչքի էր ընկնում հատկապես ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը, որը հայտարարեց, որ օրենքի ոգու հետ համաձայն չէ ու ամեն ինչ անելու է, որ Հայկ Սարգսյանի նախագիծը չընդունվի:

Նախ արձանագրենք, որ Հովիկ Աղազարյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ չէ, ուստի նրա մասնակցությունն ամենևին էլ պարտադիր չէր այդ նիստին: Եւ ուրեմն ի՞նչ առաքելությամբ էր նա նիստին մասնակցում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Հովիկ Աղազարյանն իրականում հատուկ առաքելությամբ ուղարկվել էր հանձնաժողով ՔՊ խմբակցույթան ղեկավար Հայկ Կոնջորյանի, քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ու պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից:
Բանն այն է, որ ՔՊ-ում Հայկ Սարգսյանն արտոնյալ դիրքերում է և այն քիչ պատգամավորներից է, որն անկախ է, չի ենթարկվում ՔՊ վերնախավի քմահաճույքներին, և այն եզակիներից է, որն անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ կոնտակտի դուրս գալու, SMS գրելու հնարավորություն ունի, ինչը խմբակցության՝ խարդավանքներ սիրող վերնախավի համար ցավոտ է, ու չեն կարողանում հաշտվել Հայկի ինքնուրույնության հետ:

Եվ, ահա, ՔՊ «հնարամիտ եռյակը» որոշել է Հովիկ Աղազարյանի միջոցով պատժել Հայկ Սարգսյանին առանց աչքի ընկնելու: Նրանք հրահանգել են իրենց քաղաքական գործիքի համարում ունեցող Աղազարյանին, որպեսզի կռվի մեջ մտնի Հայկ Սարգսյանի հետ, նսեմացնի նրան: Աղազարյանը, որն առաջին ընթերցման ժամանակ նույն նախագծին «կողմ» է քվեարկել, երեկ դեմ էր խոսում: Պետք է սպասել նոր հարձակումների Հայկ Սարգսյանի վրա, որն ինքնուրույնություն ունի»: