ՌԴ-ում պահեստազորայինների զորակոչ է հայտարարվել. հայերի նոր հոսք է սպասվում դեպի ՀՀ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորում ՌԴ քաղաքացիներին 2024թ․ զինվորական պատրաստության կանչելու մասին։ Այն ստորագրվել է մարտի 1-ին և ուժի մեջ է մտել այդ օրվանից։
Սա նշանակում է, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող այլ ազգի ներկայացուցիչներին, այդ թվում և հայերին նույնպես կվերաբերվի զորակոչը: Հաշվի առնելով Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո առկա իրավիճակը՝ առաջիկա ամիսներին սպասելի է ՌԴ-ից Հայաստան մեր հայրենակիցների վերադարձի նոր ալիք, որպեսզի խուսափեն զորակոչից:
Նշենք, որ անցյալ տարի զորակոչը եղել է մայիսին և, ինչպես հիշում ենք, այդ ամիս բավականին հայեր հետ վերադարձան հայրենիք։
Ըստ հրամանագրի՝ 2024 թվականին զորակոչի շրջանակում քաղաքացիները կկանչվեն՝ ռազմական պատրաստություն անցնելու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում, Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերում, պետական անվտանգության մարմիններում և Անվտանգության դաշնային ծառայությունում։ Այլ կերպ ասած, այս պահին զորակոչվող ռեզերվիստներին առաջնագիծ տանելու մասին խոսք չկա:
Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և մարզային իշխանություններին հանձնարարվել է ապահովել ուսումնամարզական հավաքներին քաղաքացիների կանչի և դրանց անցկացման հետ կապված միջոցառումների իրականացումը։ Հրամանագրի հինգ կետերից երկուսը «պաշտոնական օգտագործման համար են»։
Երկրի ղեկավարի հրամանագրի հիման վրա պաշտպանության նախարարության զորահավաքային վարչությունը պատրաստում է համապատասխան հրահանգ, որն ուղարկվում է շրջանային զինկոմիսարիատներ։ Միայն դրանից հետո է սկսվում ծանուցագրերի հասցեագրումը ռեզերվում գտնվող քաղաքացիներին:
Պետդուման վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, ովքեր գտնվում են ռեզերվում և զորակոչվել են ռազմական պատրաստության, չեն ուղարկվի հատուկ ռազմական գործողության գոտի։ Պատգամավոր Անդրեյ Կարտապոլովը պարզաբանել է, որ այս ուսումնամարզական հավաքներում պահեստազորայինները վերապատրաստվում են «նշանակված ժամանակով», որից հետո նրանք «կվերադառնան իրենց ընտանիքներ, իրենց աշխատանքին»։
Ուշագրավն այն է, որ մի քանի օր է Հայաստանում համառ լուրեր են շրջանառվում, որ Լարսում հնարավոր է սահմանափակումներ մտցվեն՝ հայկական բեռնատարների տեղաշարժի հետ կապված: Խոսակցություններ կան, որ այդ սահմանափակումները՝ ռուսական կողմից, կարող են նաև զորակոչի հետ կապ ունենալ, սակայն MediaHub-ի հետ զրույցում Լարսում ՀՀ մաքսային կցորդը հայտնել էր, որ որևէ խնդիր, գոնե այս պահի դրությամբ, չկա:
Այդուհանդերձ, սպասենք զարգացումների, երբ գործընթացը մեկնարկի:
Մարիաննա Արամյան