21 մլն դրամ պարտք․ պարտատերը Գևորգ Պապոյանն է, պարտապանը՝ «Նոյ ինվեստ գրուպը». ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավորը

5 մլն 400 դրամ բանկային ավանդ, 1 մլն 448 հազար դրամ բանկային հաշվի մնացոդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մայիսի 23-ին ներկայացրել է 2021 թվականի դրությամբ ունեցվածքի հայտարարագիրը։
Ըստ հայտարարագրի՝ պատգամավորը վաճառել է 3 մլն 800 դրամ արժողությամբ HYUNDAI (2014 թողարկված) մեքենան։ Տարվա սկզբում վերջինիս բանկային ավանդը կազմել է 2 մլն 500 հազար դրամ, իսկ տարվա ավարտին` 5 մլն 400 հազար դրամ։ Տարեսկզբին պատգամավորի բանկային հաշվին առկա գումարը կազմել է 376 հազար 571 դրամ, իսկ տարվա ավարտին՝ 1 մլն 448 հազար 325 դրամ։
Պապոյանի կանխիկ գումարը տարվա սկզբում կազմել է 40 հազար դրամ, իսկ տարվա ավարտին՝ 500 հազար դրամ։
Որպես աշխատավարձ` Պապոյանը ԱԺ-ից ստացել է 7 մլն 928 հազար 470 դրամ, ՀՊՏՀ-ից 1 մլն 933 հազար 991 դրամ։ Որպես այլ եկամուտ` նշված է, որ վերջինս ՀՀ ՊԵԿ-ից ստացել է 1 մլն 993 հազար 700 դրամ։ Տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսի և այլ հատուցման բաժնում նշված է՝ 182 հազար 322 դրամ։ Հաշվելով նաև վաճառված մեքենայի եկամուտը՝ ընդհանուր կազմում է 15 մլն 838 հազար 483 դրամ։ Հանձնված և վերադարձված փոխառությունների բաժնում նշված է՝ պարտատեր Գևորգ Պապոյանը պարտապան «Նոյ ինվեստ գրուպից» ստացել է 21 մլն 17 հազար 400 դրամ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 16 մլն 374 հազար 686 դրամ, որի նպատակը նշված է ՝ հիփոթեկային վարկ՝ անշարժ գույքի իրավունք։
Ծախսերի հայտարարագրում նշված է, որ վարկի մարմանն ուղղվել է 3 մլն 197 հազար 590 դրամ, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը՝ 165 հազար դրամ, հանգստի համար կատարած ճանապարհածախս (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսը՝ 94 հազար 500 դրամ։